Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/168

Այս էջը հաստատված է

իմանում, կատա՞կ է անում նա, թե՞ լուրջ կերպով է խոսում։ Հետո, երբ բժիշկը վերջացրեց իր բարի խորհուրդները, նա սուս ու փուս փողը դրեց սեղանի վրա, գլուխ տվեց և դուրս եկավ։

2

Ոտը նոր էր դուրս դրել բժշկի բնակարանից, որ հենց այնտեղ, մի քանի քայլի վրա, երես առ երես դեմ ելավ մի երիտասարդի։ Լավ նայեցին իրար և միաժամանակ կանգ առան երկուսն էլ։ Հին ընկերներ էին և շատ ժամանակ չէին հանդիպել իրար։

— Ամիրյա՜ն...

— Շամիրյա՜ն...

Բացականչեցին միաժամանակ երկուսն էլ և, ըստ սովորականին, մի թռուցիկ հայացք ձգեցին իրար վրա։

Երկու անտիպոդ։ Մեկը — Ամիրյանը, հիվանդագին, թախծոտ դեմքով, հնամաշ, անճոռնի հագուստը ուսերից, կարծես փայտերից կախված, մյուսը — Շամիրյանը, կատարյալ մի մսագունդ, կլորիկ, զվարթ դեմքով, շեկ հագուստը տռուզ մարմնին կիպ կպած առանց որևէ ծալքի և մի կարմիր վարդ էլ կրծքին ցցած։

— Այդ ի՞նչ է, տո, հաց չես ուտո՞ւմ,— եղավ Շամիրյանի առաջին խոսքը,— այդքան էլ լղարել կլինի՞, հազիվ ճանաչեցի։

— Մորթվելու խո չեմ, որ չաղանամ,— պատասխանեց Ամիրյանը ժպտալով և նայեց նրա ավելորդ մսին, որ փուչիկի պես կախ էր ընկել նրա կզակի տակից և ցցվել պինդ օսլայած վզնոցի մեջ։

— Թե ուզում ես ասել ինձ պես, մի ասի՛,— վրա բերեց Շամիրյանը,— որովհետև ես ինքս գոհ չեմ, որ այսպես չաղանում եմ։ Թե դու հիվանդ ես, ես էլ եմ հիվանդ, դու այս ծայրից, ես մյուս ծայրից։

— Ուրիշ խոսքով ասած՝ դու շատ ուտելուց, ես քիչ ուտելուց, հը՞,- ծիծաղեց Ամիրյանը։

— Այդպես չէ — ես ուտելուց, դու չուտելուց, որովհետև փորումդ որ բան լինի, այդպես մեջքիցդ կպած չի լինի։ Բայց