Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/175

Այս էջը հաստատված է

— Գիտե՞ս որքան կնստի։

— Որքան որ կնստի։

— Հետո՞։ Ո՞ր միջոցներով։

— Ես կտամ։

Եղբայրը կրկնակի զարմացած նայեց քրոջ դեմքին.

— Քե՞զ ով է տվել։

— Իմ ասեղը։

— Եվ դու ուզում ես, որ քո ասեղով... Բավական չէ, հա՞, որ քո ասեղով պահում ես ամբողջ ընտանիքը և դեռ ուզում ես...

Ամիրյանը նստեց անկողնում և շատ լուրջ ու հանգիստ եղանակով ավելացրեց.

— Լսի՛ր, Վարո, մեկ անգամ այդ ասացիր ինձ, էլ չկրրկնես։ Լսո՞ւմ ես, երբե՜ք և ո՛չ մի պայմանով։

Այժմ հերթը քրոջը հասավ՝ զարմացած նայելու եղբոր դեմքին.

— Ինչո՞ւ, Բագրատ։

— Որովհետև...

Ամիրյանը չվերջացրեց ասելիքը, նորից պառկեց և ասաց.

— Արդեն ուշ է, Վարո, հոգնած կլինես, գնա քնիր, թող, որ ես էլ քնեմ։

Քույրը խոհեմություն համարեց չառարկել, կարճ ժամանակ նստած մնաց, հետո սուս ու փուս վեր կացավ, ներս գնաց և ճրագը հանգցրեց։

Առավոտյան, երբ մայրը գնացել էր շուկա և քույր ու եղբայր մնացել էին մենակ, այդ խոսակցությունը նորոգվեց նրանց միջև։

— Ես շատ եմ ուզում իմանալ, Բագրատ, ինչո՞ւ ես հրաժարվում իմ օգնությունից։

— Ինչո՞ւ։ Ասեմ պարզ— ինքնասիրությունից։

— Ես այդպես էլ կարծում էի։ Տղամարդու ինքնասիրություն։ Տղամարդը չպետք է օգտվի կնոջ աշխատանքից։ Անվայել բան է։ Հա՞։ Այդպե՞ս ես մտածում։

— Հենց այդպես։

— Բայց ո՞վ եմ ես քեզ համար։ Մի՞թե ամոթ բան է, որ եղբայրը կարիք ունեցած ժամանակ օգնություն ստանա քրոջից։