Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/176

Այս էջը հաստատված է

— Չգիտեմ ուրիշն ինչպես, բայց ես չեմ կարող։ Ես չափազանց հպարտ եմ։ Այն էլ ինձ համար մահ է, որ դառ ու դատարկ գրպանով եկել նստել եմ տանը։

— Ուրեմն ի՞նչ։ Դու հիվանդ ես, բժշկվելու կարիք ունես, բայց միջոց չունես, իմ օգնությունն էլ չես ընդունում, ուրեմն ի՞նչ պիտի անես։

— Ի՞նչ։ Այս րոպեիս գնալու եմ թեմական տեսչի մոտ, կասեմ՝ հիվանդ եմ, պետք է գնամ բժշկվելու, փող չունեմ, թող հեռագրով պահանջի հոգաբարձությունից ինձ հասանելիքը։ Իսկ եթե մերժի, եթե նորից հոգաբարձության կողմը բռնի և համարձակվի նորից երեսիս ասել, թե ըմբոստ վարժապետ եմ, ինչպես ասաց իր վերջին շրջագայության ժամանակ, երբ այցի էր եկել մեր դպրոցը, այն ժամանակ... ե՛ս գիտեմ։

— Ի՞նչ կանես։

— Կծեծեմ, արևս վկա, կծեծեմ,— բացականչեց Ամիրյանը վառված աչքերով։

Քույրը ժպտաց։

— Հետո՞։

— Հետո, հե՛րն անիծեմ, ինչ ուզում է, թող պատահի։

— Բայց այնքան ուժ ունե՞ս, որ ծեծես,— այս անգամ ծիծաղեց քույրը։

— Կատաղությունն ուժ է տալիս։

— Շատ լավ։ Ընդունենք, թե ծեծեցիր, ու ոչինչ էլ չպատահեց, հասանելիքդ էլ չստացար, և, իհարկե, ծեծելուց հետո էլ ի՞նչ հույս պիտի ունենաս ստանալու, հետո ի՞նչ պիտի անես։

Եղբայրը ոչինչ չգտավ պատասխանելու։

Քույրը օգուտ քաղեց այդ բանից և նորից սկսեց հորդորներն իր սովորական հանգիստ, համոզիչ ձայնով.

— Լսիր, Բագրատ, ինչ եմ ասում։ Եկ այս անգամ մի կողմ դիր ինքնասիրությունդ ու հպարտությունդ և ընդունիր առաջարկս։ Մի մոռանար, որ քո առողջությունը հարկավոր է մեզ հենց միայն նյութականի տեսակետից։ Ի՞նչ պիտի լինի մեր վիճակը, եթե դրությունդ ծանրանա, անկողին ընկնես... կրկնում եմ, ես միայն նյութական տեսակետն եմ վերցնում, մնացածի մասին խո ավելորդ է խոսել։ Կարո՞ղ եմ