Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/180

Այս էջը հաստատված է

զանգակները, և սպասում քահանային։ Շատ ժամանակ չէր անցնում, գալիս էր շիլ տերտերը։ Ծերունի ժամկոչն առանց շտապելու շուրջառը գցում էր նրա ուսերին, և սկսվում էր ժամասացությունը։ Եկեղեցու չորս պատերի մեջ խուլ արձագանք տալով լսվում էին քահանայի և ժամկոչի անճոռնի ձայները մեքենական միալար և միանման հնչյուններով, կարծես նրանք ոչ թե ժամ էին ասում, այլ, իրարից նեղացած, վիճում էին իրար հետ անտարբեր և հանգիստ դժգոհությամբ։ Եկեղեցում սովորաբար մարդ չէր լինում։ Երբեմն միայն մոտիկ ապրող մի որևէ պառավ կին թառամած, կուչ եկած, չուստերը քսմսելով հատակի ճաքճքած աղյուսներին, ներս էր մտնում, անկանոն կերպով խաչակնքում երեսը, կանգնում ժամկոչի սեղանի առջև և ձեռքը գրպանը կոխած՝ երկար ժամանակ մատների ծայրերով պրպտում բռնոթու տուփի, թաշկինակի, թելի կծիկի և ո՜վ գիտե ուրիշ ի՛նչ բաների արանքում կորած կոպեկանոցը։ Ժամկոչը, անգիր սերտած փոխերը ջրի նման իրար վրա տալով, գալիս մոմ էր տալիս նրան, նրա տված կոպեկանոցը ծլնգալի ցած էր գցում սեղանի վրա բացված ծակից և, փոխասացությունը շարունակելով, գնում կանգնում նորից բեմի առջև։ Ասենք՝ նրա պաշտոնն այնպես էր, որ ժամ ասելիս շարունակ ճանապարհորդություն էր կատարում եկեղեցում. նայելով օրվան և ժամավորների քանակության, փոխեր ասելիս կամ մոմ էր ծախում, կամ սրբապատկերի առջև կիսայրված մոմը պոկում ու հանգցնում, կամ առաստաղից կախված ջահը վառում երկայն եղեգնափայտի ծայրին վառած մոմով, կամ այդ ջահի վրա կիսայրված մոմերը հանգցնում նույն եղեգնափայտի ծակից փչելով, կամ բուրվառի մեջ մանղալից կրակ գցում, կամ փոխասացությունն ընդհատելով՝ տերտերի հետ փսփսում։

Այս երեկո, ծննդյան ճրագալույցին, շատ կոպեկներ էին ցած ընկել մոմի սեղանի ծակից։ Այլև կոպեկներ էին, որ հազարից մի անգամ, այդպիսի տոն օրերին, ժամ մտնող աղքատ ժողովուրդը ձգտում էր գանձանակի թաբախը։ Ուրախ էր ծերունի ժամկոչը, որ այդ երեկո թերևս մի մանեթ բաժին կհասներ իրեն։ Բացի դրանից, նա, ըստ իր հին սովորության, «ավետիս» պիտի ման գար իր թոռան հետ, որը