Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/181

Այս էջը հաստատված է

այդ երեկո պատարագին օգնում էր նրան ժամաշապիկ հագած։ Դրանից էլ բացի, վաղը, խաչը ջուրը գցելուց հետո և հետևյալ օրերը տերտերի շուրջառը թևին գցած և բուրվառը ձեռքին, իր ծեր ոտներով պիտի քարշ գար նրա հետևից տնօրհնեքի։ Իսկ «ավետիսն» ու տնօրհնեքը, մեկ էլ հարսանիքն ու մեռելաթաղը եկամուտի ամենալավ աղբյուրներն էին տերտերի հետ միասին ծերունի ժամկոչի համար ևս։

Պատարագը վերջացավ։ Աղոթողները, համբուրելով եկեղեցու խաչերն ու դուռը և իրար ավետելով Քրիստոսի ծնունդը, կամաց-կամաց ցրվեցին իրենց տները շաբաթվա պասը և օրվա ծոմը բաց անելու։ Տերտերը շշի մեջ մնացած կարմիր գինին դատարկեց պատարագի ժամանակ արդեն մաքրազարդված սկիհի մեջ, գլխին քաշեց, ներքին շրթունքով բերանը հավաքեց բեղի կարմրած ծայրերը, ծծեց, զգեստը հանեց, հաշվեց իր գանձանակը և, գումարից դժգոհ, գրպանն ածեց ու քաշվեց իր տուն։ Ծերունի ժամկոչը մոմերը հանգցրեց, բուրվառի կրակը թափեց մանղալի մեջ, կողպեց եկեղեցու դռները և, ժամաշապիկները թոռանը տալով, նրա հետ գնաց «ավետիս» ման գալու։

* * *

Գիշերը շատ ցուրտ էր, երկինքը՝ պարզ։ Ձյունը քարացել կպել էր գետնին և ոտների տակ տրորված հողի գույն էր ստացել։ Անսովոր թափանցիկ օդի մեջ երկինքը մուգ փիրուզի գույնի էր խփում։ Աստղերը սովորականից մեծ էին երևում և, կարծես սառնամանիքից մրսելով, կապտել էին։

Փողոցներում անցուդարձը գրեթե դադարել էր, չնայելով, որ դեռ շատ վաղ էր։ Տների պատուհանները պայծառ լուսավորված՝ ծիծաղում էին կարծես։ Օդի մեջ կանգնած էր խունկի, փլավի և ձկան հոտ։

Ծերունի ժամկոչը փոքրիկ թոռան հետ, սպիտակ ժամաշապիկը հագած, ահագին ոտնամանները սառած գետնին քրթքրթացնելով, մտնում էր բակերը տնե-տուն, փողոցե- փողոց և իր ճաթած ձայնով ավետում հավատացյալներին Քրիստոսի ծնունդն իր պատանի ընկերոջ ձայնակցությամբ։