Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/186

Այս էջը հաստատված է

— Ավետիս,— կրկնեց ժամկոչը։

— Ի՞նչ Ավետիս... ո՞վ է Ավետիսը։

— Ավետիս ասելու ենք եկել, աղա։

Ճաղատ պարոնը նոր հասկացավ բանը։ Եվ նրա վախը տեղի տվեց կատաղի զայրույթի։ Ու այնպիսի հայհոյանքներով, որպիսին չէր կարելի սպասել այդպիսի մի աղա մարդուց, վազ տվեց դեպի սպիտակ ժամաշապիկները։ Մինչև նա կհասներ իրենց, փոքրիկ տիրացուն իր արագավազ ճարպիկ ոտներով ներքև վազեց։ Բայց դեռ բակը չհասած՝ լսեց ինչ-որ ծանր թրխկոց։ Հետո, որ կանգ առավ և նայեց վերև, տեսավ մի բան, մեծ ու սպիտակ, գլորվում է սանդուղքով վերևից ներքև, տարօրինակ խուլ դղրդյունով։

Միևնույն ժամանակ ճաղատ պարոնը, սանդուղքի գլխին կանգնած, ճաքում էր բղավելուց.

— Սիմո՜ն... Սիմո՜ն...

Բղավում էր այնպես, կարծես մորթում էին իրեն։

Բակի հայտնի չէ ո՛ր անկյունից՝ գլխապատառ դուրս թռավ Սիմոն կոչվածը։ Դռնապանն էր։

— Ո՞ր ջհաննամն ես կորել, շո՛ւն շան որդի,— բղավեց նրա վրա ճաղատ պարոնը։— Էդպես ես պահում, հա՞, տունը։ Որ գան թալանեն, մեզ էլ մորթեն, խո չես իմանալ։ Ինչո՞ւ ես դուռը բաց թողել, որ էդ գողերն ու ավազակները ազատ-համարձակ մտել են։ Էս րոպեիս բռնիր դրանց և տար պալիցիա։ Թող էնտեղ տեսնեն, թե ո՛րտեղ է Ավետիսը։

Մինչ այդ ծերունի ժամկոչը թոռան օգնությամբ վեր էր կացել և տնքալով շտկում էր ջարդված կողերը։

Դռնապանը հանել տվեք նրանց ժամաշապիկները, մի ձեռքով առավ ծերունու թևը, մյուսով նրա թոռան ձեռքը և դուրս տարավ բակից։ Փողոցում նրանք հանձնեց գարադավոյի ձեռքը, որը ցրտից սառած մարմինը մի քիչ տաքացնելու համար ձեռաց մտել էր մոտակա պադվալը, մի երկու բաժակ օղի կոնծել և հենց նոր դուրս էր դալիս այնտեղից ինչ-որ ծամելով։

Սակայն գարադավոյը այնքան բարի մարդ էր, որ նրանց չհասցրեց ոստիկանատուն, այլ կիսաճանապարհից բաց