Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/189

Այս էջը հաստատված է

կախ՝ շարունակում էր գրել, Պատրիկյանն ուզեց վեր կենալ պահարանի գրքերն աչքի անցնելու, բայց չհամարձակվեց տեղից շարժվել։ Հայացքը դարձրեց տանտիրոջ վրա և տեսավ, որ նա գրում է ձեռքի համարձակ շարժումով և անդադար կրծում է վերին շրթունքի ձախ կողմը։

— Նո՛ւս, ի՞նչ կհրամայեք,— ասաց Դավիթ Ֆոմիչը գրությունը վերջացնելուց հետո՝ սև մարմարի ծանր ծծողականը թրխկթրխկացնելով գրած թղթի վրա։

— Ես... ներեցեք,— կամաց արտասանեց Պատրիկյանը իր ասելիքը նախապատրաստած մարդու շփոթմունքով։— Երեկ գիշեր դուք նորից հիշեցրել էիք սենյակի վարձը... Ես եկել եմ խնդրելու, որ, եթե կարելի է, մի քանի օր էլ սպասեք։

Տանտերը վերցրեց պենսնեն, արմունկներով կռթնեց գրասեղանին և նայեց նրան իր լուրջ, եռանդուն աչքերով։

— Եղբայր պատվական,— ասաց նա,— ես, կարծեմ, յոթն օր է սպասում եմ, չէ՞։

Պատրիկյանը աչքերը վար թողեց։

— Այո, բայց... խնդրում եմ, դարձյալ մի քանի օր... եթե կարելի է։

— Բանը մի քանի օրվա մեջ չէ,— վրա բերեց Դավիթ Ֆոմիչը։— Մի քանի օր, ինչո՞ւ չէ, կարելի է սպասել, և տեսնում եք, որ սպասում եմ։ Բայց ցավն այն է, որ մի քանի օրից հետո, երբ դարձյալ ինքս ստիպված կլինեմ հիշեցնելու ձեր պարտքը, դուք կգաք ինձ մոտ, ինչպես հիմա եք եկել, և դարձյալ կխնդրեք այդպես, որ էլի մի քանի օր սպասեմ։ Ես այդ փորձով գիտեմ և այդ բանի վերջը չեմ տեսնում։ Ուստի մի անգամ առմիշտ կանոն եմ դարձրել ինձ համար, որովհետև ինքս շատ ճշտապահ մարդ եմ, որ երբ կենողներիցս որևէ մեկը կանոնավորապես և ժամանակին չի վճարում բնակարանի վարձը, առաջարկում եմ անմիջապես դատարկել բնակարանը։ Ձեզ էլ ասում եմ — եթե չեք կարող վճարել, դատարկեցեք սենյակը։ Ես ինքս ամեն ամիս վճարելիքներ ունեմ, և իմ պարտատերը, բանկը, չի սպասում որ ես սպասեմ անվերջ։

Դավիթ Ֆոմիչը խոսում էր վճռական տոնով և սուր-սուր նայում Պատրիկյանի խեղճ ու կրակ դեմքին։