Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/19

Այս էջը հաստատված է

հարկավոր է լուսավորություն: Կրթությունը գյուղացու տնտեսական վիճակը փոքրիշատե բարվոքելու ամենակարճ ուղին է: Գյուղացու թշվառությունը արդյունք է վաշխառուների, վայրենի հարստահարության, գյուղական բանկերի բացակայության, գյուղատնտեսական հին մեթոդների: Սրանք հիշեցնում են «Նոր-Դարի» սոցիալ-տնտեսական հարցադրումները: Նմանություններ կան և՛ առանձին, և՛ ընդհանուր հարցերում, օրինակ՝ հողի մշակության եվրոպական առաջավոր եղանակի, ցարիզմի ազգային քաղաքականության հանդեպ բացասական վերաբերմունքի, ազգության, եկեղեցու, լուսավորության, ազատագրական շարժումների:

Իրականության փոխարինումը պատրանքով ու առասպելով, դեպրեսիան Շահյանին հետևողականորեն վերածում են կենդանի դիակի: Սեփական պասսիվության մեջ նրան տանջում է «անձնաքննության թույնը»: Նար-Դոսը և՛ պատկերում, և՛ հետազոտողի համբերությամբ ֆիքսում է իր կերպարի հոգեբանական շարժումը: Նա դիմում է ներքին և արտաքին վիճակների, մեկով լրացնելով ու հաստատելով մյուսը: Անցումներն այնպիսին են, որ կերպարների խոսքը, արարքը, հեղինակային արժեվորումը, վերլուծումը շաղկապվում են բաբախուն ամբողջությամբ: Կերպարին քննելով ներսից ու դրսից, նկարագրելով մեկնաբանում է գիտնականին հատուկ անաչառությամբ, առավելապես հոգեբանական կողմը: Նար-Դոսն անդրադարձնում է Շահյանի տրամադրության փոփոխությունները, ուրախությունը, ցնորքները, հուսահատությունը, սեփական ոչնչության գիտակցությունը, մտորումները՝ լի ներքին բախումներով, կռվով ինքն իր դեմ։ Հոգեկան պրոցեսների ողջ գամման հմուտ վերհանումներով ծառայում է գլխավոր նպատակին՝ հոգեբանական վերլուծությանը: Կյանք-սեր-մարմին-մահ, իդեալ-հոգի-անմահություն տարբաժանումները կերպարներին անջատում են մեկ կամ մյուս շղթայում՝ Արմենակը, Աշխենը, երկրորդի, Շահյանը, Բազենյանը, Զդանևիչը՝ առաջինի: Իհարկե, սա լավագույն դեպքում սխեմա է, թելադրված վեպի բովանդակությամբ, այսուհանդերձ շեշտում ենք նախ հենց «Մահը» վերնագիր-հարցադրման ենթիմաստը պարզելու համար:

Կնոջ միթոսը ի սկզբանե քողազերծված պարունակում է և իր բացասումը, պարունակում է ավերիչ մի զորություն՝ սեր-կյանք-մահ անքակտելի, նյութական, բնական պրոցեսի ներհատուկ օրենքներով: Ահա թե ինչու, տրվել առասպելյալ կնոջը նշանակում է նախապատրաստվել մահվան: Շահյանը ձմեռվա երեկոյին, մեծ քաղաքի փողոցում, ապրում է մահվան սարսուռը: Հենց այստեղ էլ, թե հոգեբանորեն, թե տեսականորեն (վերջում հանգամանալի շարադրված Շահյանի նամակում) վճռվում է միակ ու անխուսափելի ելքը: Հիմնովին պատճառաբանվում է Շահյանի ընթացքը դեպի մահ և գաղափարների ռոմանտիկական դասդասումը, մահ-անմահության, հոգի-մարմին դուալիզմը, երևույթների բևեռացման ձգտումը, իրոք որ տարօրինակ կերպով չեն խանգարում, նույնիսկ նպաստում են ճշտության և հոգեբանական անալիզի սկզբունքին: «Ռոմանտիկական» նատուրալիզմը աճում, ծավալվում է բուն իրականության ոլորտներում, բնականի ու սոցիալականի հետ ներդաշնակված: Էլիզա Զդանևիչը սեփական