Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/191

Այս էջը հաստատված է

Նրան հետևեց և Պատրիկյանը։— Ձեր կողքի կենողը, այն հրեա այրի կինը, որ դանակներ և կողպեքներ է ծախում բակի դռան մոտ, տասը տարի է կենում է, և չեմ հիշում մի ամիս, որ ամենայն ճշտությամբ վճարած չլինի բնակարանի և սեղանի վարձը, չնայելով, որ մենևմենակ այնքան էլ ահագին ընտանիք է պահում։ Ասելս այն է, որ...

Նա խոսքը չվերջացրեց, ըստ երևույթին հանկարծ ինչ-որ բան հիշելով, և սկսեց շուռումուռ տալ գրասեղանի վրա թափված թղթերը։

— Ինչևիցե, ցտեսություն,— ասաց առանց այլևս ուշադրություն դարձնելու Պատրիկյանի վրա։— Մի քանի օր էլ կսպասեմ։

Պատրիկյանը դուրս եկավ։ Ճաշասենյակով անցնելիս տեսավ տանտիրոջ կնոջը,— շատ բարձր և շատ լղար մի կին անհրապույր դեմքով, որը սեղանի ծայրին դրած արծաթյա հեշտաեռի մոտ կանգնած՝ թեյի բաժակներն էր լվանում։ Մոտը կանգնած էր նրա փոքրիկ տղան և սպիտակ հացի վրա կարագ ու մեղր քսելով՝ ագահաբար կուլումուլ էր տալիս։

— Սենյակի վարձը բերի՞ք,— կանչեց Պատրիկյանի հետևից տանտիկինը, երբ նա սուս ու փուս դիմում էր դեպի պատշգամբի դուռը։

Պատրիկյանը կանգ առավ։

— Ոչ, տիկին։

— Ինչո՞ւ։

— Պարոնին խնդրեցի, և նա համաձայնեց մի քանի օր էլ սպասել.

— Մի քանի օր էլ, մի քանի օր էլ,— բավական կոպիտ կերպով վրա բերեց տանտիկինը, թեյ լցնելով տղայի համար։— Չենք իմանում, ե՛րբ պիտի վերջանա ձեր մի քանի օրը։ Եվ դուք օգուտ եք քաղում նրա բարությունից։ Այդպես չի կարելի։ Կամ պետք է ժամանակին վճարեք, կամ, եթե չեք կարող, դատարկեք սենյակը։

— Տիկին,— ուզեց արդարանալ Պատրիկյանը, բայց տիկինը ավելի ևս կոպտությամբ կտրեց նրա խոսքը.

— Լսել անգամ չեմ ուզում։

Ու զայրացած շուռ եկավ դեպի բուֆետը։