Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/194

Այս էջը հաստատված է

և նվաստացման կարմիրն երեսին մի րոպե կանգ առավ գրախանութի ցուցափեղկի առջև, որի թեթև քրտնած լայն ապակու միջից մի հայացք ձգեց ցուցանակի վրա նկատելի տեղում հպարտորեն շարված ռուսերեն փարթամ գրքերին, ապա մի անկյունում ամոթխածությամբ իրար կողքի կպած հայերեն վտիտ գրքույկներին, որոնց մեջ տեսավ և իր երկու լղարիկ գրքույկը, հետո երեսը շուռ տվեց և հեռացավ՝ դառն մտածմունքների մեջ խորասուզված։ Մոռացել էր թեյի փափագն էլ, քաղցն էլ և, որովհետև ուրիշ տեղ չուներ գնալու և մրսում էր, քայլերն ուղղեց դեպի խմբագրատուն։

Խմբագրատանը, ինչպես միշտ, այս անգամ էլ նստած էր մեն-մենակ քարտուղարը — չորիկ-մորիկ մի երիտասարդ պարզ ակնոցով և աջ ձեռքի ճկույթի վրա կեսվերշոկաչափ աճեցրած սրածայր եղունգով,— և արագ գրում էր երկայն ու նեղ թղթերի վրա, ճկույթը խիստ որոշակի առանձնացրած հարևան մատից։

Պատրիկյանը, իբրև պարապ մարդ և ձրի աշխատակից, խմբագրատան ամենօրյա այցելուն էր, այնպես որ քարտուղարն ու նա, որոնք մտերիմ ընկերներ էին, այլևս չէին բարևում իրար տեսնելիս։ Այս անգամ էլ Պատրիկյանը քարտուղարի սենյակը մտավ սուս ու փուս, նստեց նրա գրասեղանի ծայրին, վերցրեց տեղական ռուս թերթերից մեկը, որոնցից քարտուղարը լուրեր էր քաղում, և սկսեց աչքի անցկացնել։ Տեղական լուրերից մեկը կարդալուց հետո հարցրեց.

— Ինչո՞ւ այս լուրը չես նշանակել։

— Ո՞ր լուրը,— հարցրեց քարտուղարը շարունակելով գրել։

— Ինչ-որ նոր հռչակավոր երգիչ է եկել, Ժապինովը։ Գաստրոլի է հրավիրված օպերային թատրոնում երգելու։

— Հե՛րն անիծեմ,— սրտանց արտասանեց քարտուղարը, առանց գլուխը բարձրացնելու թղթի վրայից։— Մե՞զ ինչ։ Բոլոր թերթերին հայտարարություններ են տալիս, սեզոնային ձրի տոմսակներ են տալիս, իսկ մեզ շան տեղ էլ չեն դնում։ Եվ մենք պետք է վեր կենանք նրանց համար ռեկլամնե՞ր տպենք։— Տես, թե ուրիշ բան աչքիցս թռցրել եմ, ասա։

Ներս մտավ տպարանական փոքրիկ աշակերտը մրոտ