Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/195

Այս էջը հաստատված է

երեսով ու ձեռքերով և ամառվա բարակ կապույտ բլուզով, որի մեջ ցրտից սրթսրթում էր նրա վտիտ մարմինը։

— Նութ,— ասաց նա յու-ն ու հնչելով։

— Սպասիր մի քիչ,— ասաց քարտուղարը, և գրիչը նրա ձեռքին սկսեց շարժվել ավելի արագ։ Գրեց վերջացրեց թուղթը և մյուս թղթերի հետ ծալեց տվեց աշակերտին։— Ահա տար, որ էլի գալու լինես, հարցրու էլի քանի կոլոն հարկավոր կլինի։

Աշակերտը դուրս գնաց, գլխարկը փողոցում ծածկելով։

— Դե՛հ, Պատրիկ, պարապ մի՛ նստի,— ասաց քարտուղարն ակնոցն ուղղելով և նոր գործի պատրաստվելով։

— Նյութ չունենք, մի բան գրիր ձեռաց։

— Տրամադրություն չունեմ,— ասաց Պատրիկյանը մելամաղձորեն։

— Ես հեստիկ է, որ խեղդվում եմ, ա՛յ, տրամադրությունից։

— Դու մեքենա ես դարձել։

— Շատ մի՛ խոսիր, գրիր, հոգիս դուրս է գալիս մենակ։ Գիշերն էլ մինչև ժամը երկուսը տպարանումն եմ անցկացրել, որովհետև սրբագրիչը հիվանդացել է։ Ես վախենում եմ վաղը չէ մյուս օրը ցրիչի դեր էլ կատարեմ։

— Ո՞ւր է խմբագիրը, ինչո՞ւ չի օգնում։

— Գնացել է փող ճարելու, որովհետև տպարանատերը սպառնացել է, որ եթե այսօր փող չստանա, համարը բաց չի թողնի։ Գրաշարներն էլ մյուս կողմից են փող պահանջում։ Հետո՝ պոստը, հեռագիրը, տանտերը— ո՞ր մեկն ասեմ։ Էգուց-էլօր բաժանորդագրություն ենք բանալու, թերթը պետք է կանոնավոր հրատարակենք, որ բաժանորդները չխրտնեն, և հանկարծ— այսպիսի խայտառակություն... Գրիր, գրիր, խոսելու ժամանակ չէ։

— Ի՞նչ գրեմ։

— Ի՛նչ ուզում ես։ Ուզում ես՝ լուսնի մասին, ուզում ես՝ աստղերի, միայն թե թերթը լցնենք։

Պատրիկյանը դանդաղորեն մի քանի թերթ թուղթ քաշեց առաջը, գրիչը թաթախեց թանաքամանի մեջ, կարճ ժամանակ մտածեց և գրեց վերնագիրը. «Երեք ամիս, և հինգ օրինակ միայն», տակն էլ գիծ քաշեց։ Այստեղ