Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/197

Այս էջը հաստատված է

գիտեք, որ ես գաստրոլով հրավիրված եմ այստեղի արքունական թատրոնում երգելու։

— Ա՛խ, ինչպես չէ,— արտասանեց քարտուղարը, մեքենայաբար վեր կենալով տեղից և ակամա հարգանքով սեղմելով երգչի ձեռքը։— Խնդրեմ նստեք։

Ջափինյանը նախքան նստելը ետ արեց մուշտակի կոճակները, կուրծքը բաց արեք, ասելով՝ «Ուֆ, շատ շոգ է», ցիլինդրը գլխիվայր դրեց գրասեղանի վրա, կաշու թանկագին ձեռնոցը ձգեց ցիլինդրի մեջ և ապա թե նստեց քարտուղարի մոտ բերած աթոռի վրա։ Հետո տեսնելով, որ գրասեղանը ծածկված է փոշով, ցիլինդրի տակ մի լրագիր գրեց։

— Խմբագիրն այստեղ չէ՞,— հարցրեց թաշկինակով սրբելով ճակատը։

— Դժբախտաբար ոչ,— պատասխանեց քարտուղարը ստրկական-հարգական ժպիտով և ակամա ուշադրություն դարձրեց երգչի կարմիր ատլասի փողկապի վրա հուրհրատին տվող ադամանդին։ Նստեց նորից և չէր իմանում ինչպես անի, որ այցելուի աչքից ծածկի կեղտոտ, ճմրթված մանժետները։

— Իբրև հայ երգիչ, իմ բարոյական պարտքս համարեցի այցելել ձեր խմբագրատուն,— ասաց Ջափինյանը։— Երևի գիտեք, որ ես ձայնս մշակել եմ Իտալիայում, որտեղից, սրանից վեց տարի առաջ, ինձ հրավիրեցին Օդեսա։ Երկրորդ տարին երգեցի Իրկուտսկում, հետո մի-մի սեզոն երգել եմ Խարկով, Կիև, Մոսկվա, իսկ անցյալ սեզոնին երգում էի Պետերբուրգում։ Այժմ ինձ հրավիրել են Թիֆլիս։ Թիֆլիսը երաժշտական քաղաք է և, կարծում եմ, կգնահատի ինձ ինչպես հարկն է։ Ներեցեք, դուք ստանո՞ւմ եք մայրաքաղաքի թերթերը։

— Ինչպե՞ս չէ։

— Ուրեմն անշուշտ կարդացած կլինեք իմ մասին գրած ռեցենզիաները։ Ամենքը միաբերան հիացած են։ Մի քանի օտարատյաց թերթեր միայն, ինչպես «Новое время»-ն և «Свет»-ը աշխատում էին ինձ գլորել, որովհետև իմացել էին, որ հայ եմ, բայց չաջողվեց։ Ի՞նչ նշանակություն ունի ես հայ եմ, թե ռուս. ես միայն երգիչ եմ. կարող եմ այսօր