Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/20

Այս էջը հաստատված է

կենսափորձով համոզված է, որ տղամարդիկ կնոջ վրա նայում են կամ շահախնդրական, կամ անասնական տեսանկյունից, իսկ ինքը կարոտ է եղել բուռն, անկեղծ սիրո, որ «ինքն է միայն իր նպատակը»: Ահա սոցիալականի, բնականի, իդեալի ևս մի հարաբերություն, նորից վերջինիս օգտին: Միայն թե այստեղ իդեալի նշանակություն ձեռք է բերում սերը կամ կյանքը, որ ինքն է իր նպատակը. «Կյանքը... ավելի սիրելի ու ցանկալի, քան մահը, ճիշտ այն բնական օրենքի զորությամբ, որով մարդուս համար ավելի սիրելի ու ցանկալի է իր աշխարհագրական հայրենիքը, քան օտար, անծանոթ մի երկիր»: Կյանքի վերջնական նպատակը, գոյության հանելուկը լուծելու փորձերն ապարդյուն են, աշխարհիս օրենքները եղել են, կան և կմնան նույնը, ինչպես էլ մեկնաբանվեն: Պանի Զդանևիչի այս կարծիքը այնքան էլ հեռու չէ Շահյանի ձգտումից՝ «միևնույն տխմար, աննպատակ բանը համարելու թե՛ կյանքը, և թե՛ մահը»: Լեհուհու առաջարկը՝ ճաշակել կյանքը, հոռետեսությունից ձերբազատվելու, ներկա դեպքում այլ բան չի նշանակում, քան՝ ապրել ապրելու համար: Արդ, կյանքն ինքնանպատակ է, իսկ դրանից մի քայլ այն կողմ սկսվում է աննպատակության թագավորությունը:

Շահախնդրության, անասնականի և դրանցից բարձր սիրո մասին իր ձևով դատում է նաև Շահյանը. այս սեր չէ, այն է, ինչ կա ամեն մարդու, արարածի մեջ, առանց որի կենդանի աշխարհը պիտի մեռներ, այս կնոջ մարմնում թաքնված դևն է՝ վառող, բորբոքող, գազանացնող: Շահյանը գերադասում է «անասնականը», բայց դա էլ չստանալով, աննպատակ գոյությունը փոխարինում է աննպատակ մահով: Հոռետեսությունը ոչ թե կյանքն ունայն համարելու, այլ ունայն անցկացնելու արդյունք է՝ նշվում է վեպում: Ճշմարիտ նպատակ ունի իր մեջ ոչ թե ապրելն ապրելու համար կամ ունայն կեցությունը, այլ գործը, պայքարը, անգամ զոհվելը հանուն կյանքի հաստատման ու հարատևման: Կարելի՞ է պնդել, թե սրանով ամփոփվում է հեղինակի քննարկած կյանքի ու մահվան խնդիրը, երբ վեպն ավարտվում է Շահյանի նամակի ընթերցումով, իսկ ներկաները չեն հայտնում իրենց տպավորությունը, ոչնչով չեն հակադրվում: Հեղինակը խոսք չի տալիս նույնիսկ նամակն ընթերցող օրիորդ Սահակյանին, որը մինչ այդ հասցրել էր արհամարհանքով հայտնել՝ Շահյանը «...ատրճանակով ցրիվ է տվել իր հիմար ուղեղը»:

Բայց մի՞թե իրավացի չէ Շահյանը, որ ոչ մի կենդանի արարած չի ծնվում իր ցանկությամբ, բնությունը չի հարցնում, և բնությանն էլ «ստիպում է նրան ապրել», ծածուկ պահելով ապրելու նպատակը: Կամ մի՞թե իրավացի չէ նաև նրա բողոքը «մարդկային ստիպմունքի», հասարակական բռնության դեմ: Եվ մի՞թե վերջապես իրավացի չէ նրա ժխտողական դիրքը արարչի հանդեպ: Աստծո հավատքը մարդուն ազատում է նպատակ որոնելու տանջանքներից, քանզի նպատակը սկսվում ու ավարտվում է նրանով: Այս ամենից հետևո՞ւմ է սակայն, թե միակ ճշմարիտը մահն է («Դուք կյանքի նպատակն եք փնտրում, բայց ինչո՞ւ մահվան նպատակի մասին ևս ոչինչ չեք մտածում»,— հարցնում է լեհուհին: Այս հարցին Շահյանը պատասխան չունի): Ինչպես էլ լինի, նրա ողջ փիլիսոփայությունը