Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/200

Այս էջը հաստատված է

ու փութկոտ գրերով. «Մեր հայրենակից երգիչ Ջափինյանը (բեմական ազգանունը Ժապինով) գաստրոլով հրավիրված է երգելու Թիֆլիսի արքունական օպերային թատրոնում: Իտալիայում իր արվեստը կատարելագործելուց հետո, նա վերջին վեց տարվա ընթացքում երգել է Ռուսաստանի զանազան քաղաքներում, ի միջի այլոց՝ Մոսկվայում և Պետերբուրգում, ուր, տեղական թերթերի վկայությամբ, մեծ հաջողություն է ունեցել: Թիֆլիսում նա առաջին անգամ բեմ է ելնելու ամսույս 10-ին Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի մեջ, Օնեգինի դերում»:

Նա ուզում էր մի քանի խոսք էլ ավելացնել, հասարակության ուշադրությունը հրավիրելով հայ տաղանդի վրա, բայց հիշելով, թե անցյալում ի՛նչ է եղել նա, վախեցավ, որ նրան ճանաչող ընթերցողները ծաղրի ենթարկեն թերթը, ուստի բավական համարեց գրածը և մի կողմ դրեց։ Հետո նայեց Պատրիկյանին և տեսնելով, որ նա գրում շատ դանդաղ և անդադար գլուխը քորելով, ասաց.

— Պատրիկ ջան, շո՛ւտ արա, թե չէ, հրես որտեղ որ է՝ կգա պստիկ հոգեառս և նութ կպահանջի:

Մտավ էքսպետիդորը՝ պոստից բերած մի կույտ լրագրեր և նամակներ ձեռքին: Քարտուղարն ամենից առաջ վրա ընկավ նամակներին և սկսեց աչքի անցկացնել: Այնքան վարժվել էր, որ մի քանի տող սկզբից, մի քանի տող մեջտեղից և մի քանի տող վերջից կարդալուց հետո հասկանում էր ամբողջ նամակի բովանդակությունը և իսկույն էլ վճռում՝ կարելի՞ էր տպել, թե ոչ:

— Վայ, այս անիծածները կարծես խոսքը մեկ են արել, որ գրեն քահանաների, տիրացուների և հոգաբարձուների մասին,— բացականչեց նա մի քանի նամակներ աչքի անցկացնելուց հետո:— Քահանա և տիրացու, տիրացու հոգաբարձու, հոգաբարձու և տիրացու... Կարծես թե էլ ուրիշ բան չկա գրելու, ես ձեր...

Եվ զայրացած քարտուղարի բերանից ակամա դուրս թռան ինտելիգենտ մարդուն անվայել մի քանի հայհոյական խոսքեր քահանաներից, տիրացուներից և հոգաբարձուներից դուրս ուրիշ նյութ չգտնող գավառական թղթակիցների հասցեին: Նա վերցրեց այդ նամակները և ուզում էր մեկեն