Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/204

Այս էջը հաստատված է

հետ իմ խանութն էլ գնաց ձեռքիցս։ Ապրանքս՝ ո՛րն այրվեց, ո՛րը թալանեցին տարան, ինձ էլ քիչ մնաց՝ սպանեին։ Գիտեք, էլի, ի՜նչ զուլում էր սարքել կառավարությունը հեղափոխությունը ճնշելու համար։ Փախչելիս մի գնդակ եկավ դիպավ այստեղից (Պետրոսը ցույց տվեց աջ ոտի ազդրը), ծակեց, անց կացավ։ Երկու ամիս պառկած մնացի հիվանդանոցում։ Կինս էլ այդ օրվանից սկսեց արյուն թքել և հալվում էր ոտի վրա, մինչև որ անկողին ընկավ։ Հիվանդանոցից դուրս եկա և չորս ամիս ման էի գալիս պարապ-սարապ. գործ չկար։ Ոտս էլ իմաց էր տալիս։ Թե մի բան ունեի հոգեպահուստ, այն էլ կերանք պրծանք։ Հետո սկսեցինք տան ավելորդ իրերը ծախծխել։ Այդ էլ պրծավ։ Հետո... է՛հ, գիտեք, է՛լի... տանտերը դուրս արավ։ Վերջը... մուրացկանություն խո չէի անելու։ Ո՛ւր էր թե որևէ արհեստ գիտենայի։ Սկսեցի մշակություն անել։ Կապալառուն հին ծանոթ է, չմերժեց ինձ ընդունել։

— Ինչո՞ւ պիտի մերժեր։

— Որովհետև ոտիցս դեռ էլի թույլ եմ։ Մշակը պետք է առողջ ոտներ ունենա։

— Հա՜,— երկարացրեց բժիշկը, ըստ երևույթին, նոր մտածելով, որ այդպիսի բան էլ է եղել։— Որքա՞ն եք ստանում,— հարցրեց նա կարճ լռությունից հետո։

— Յոթանասուն կոպեկ։

— Ի՞նչ,— բացականչեց բժիշկը, կարծելով թե սխալ լսեց։

Պետրոսը կրկնեց.

— Եվ դա բավականանո՞ւմ է։

— Ո՞րտեղից։ Կինս քանի անկողին չէր ընկել, էլի օգնում էր ինձ. լվացք էր անում, կար էր անում... բայց հիմա...

Պետրոսը նորից մի թառանչ քաշեց և լռեց։

— Զավակներ ունե՞ք,— հարցրեց բժիշկը։

— Երեքը։ Երկուսը — մի տղա, մի աղջիկ — դպրոց են գնում. շատ ընդունակ երեխեք են. երրորդը վեց ամսական է, աղջիկ։