Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/207

Այս էջը հաստատված է


թիկունքին։— Շունչ քաշեցեք... Խորը... Էլի... Էլի... խորը, խորը... Հազացեք... Էլի... Հիմա ասեք՝ մեկ, երկու, երեք, մեկ, երկու, երեք...

Հիվանդը, իր ջերմոտ մեջքի մերթ այս, մերթ այն կողմը զգալով խողովակի սառն հպումը, առանց այն էլ խոշորացած աչքերը բացել էր լայն, շնչում էր կարելույն չափ խոր, հազում, սաստիկ հոգնած մարդու նման արտասանում իրար հետևից «մեկ, երկու, երեք... մեկ, երկու, երեք» և ամբողջ ժամանակ ժպտում, ըստ երևույթին, զվարճանալով իր կատարած այդ տարօրինակ գործողության վրա։

Օրորոցն օրորող փոքրիկ աղջիկը, նայելով մորը, հանկարծ փռթկացրեց և ազատ ձեռքի ափով պինդ ծածկեց բերանը։

Հայրը աչք-ունքով սաստեց նրան։

— Դե հիմա պառկեցեք,— ասաց բժիշկը, ինքն իր ձեռքով ծածկեց վերմակը, գնաց նստեց սեղանի մոտ և թուղթ պահանջեց։

Փոքրիկ տղան իր տետրակից պատռեց մի թերթ, գրեց բժշկի առջև և այն միջոցին, երբ բժիշկը գրում էր դեղատոմսը, իր խելացի աչքերով նայում էր նրա ձեռքի շարժումին և երկու ձեռքով մեքենայաբար հետևն էր հավաքում բլուզի ծալքերը։

Դեղատոմսը գրելուց հետո բժիշկն ասաց, թե ի՛նչպես պետք է գործադրել դեղերը, մի քանի խորհուրդներ տվեց հիվանդի պահպանության վերաբերմամբ, գլխարկը ծածկեց, վերարկուի օձիքը բարձրացրեց և, երբ դուրս էր գնում, ձեռքի մեջ զգաց Պետրոսի ձեռքի շոշափումը։

— Հարկավոր չէ,— ասաց նա, ձեռքը ետ քաշելով և արագ դուրս գնաց։— Հիմա կարող եք դուռը փակել,— կանչեց նա դրսից,— աշխատեցեք օդը շուտ-շուտ մաքրել։

Պետրոսը ձեռքի դրամը նորից գրպանը դրեց և դուռը ետ արավ ծանր ու մտախոհ։ «Քիչ համարե՞ց, թե խղճաց»,— մտածեց նա։ Թե՛ մեկ, թե՛ մյուս ենթադրությունը անտանելի ծանր թվաց նրան։

1907