Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/209

Այս էջը հաստատված է

— Кто здесь хозяин?

— Դուք խմբագրի՞ն եք ուզում,— հարցրեց Հայրումյանը։

— Ну да! хозяина, хозяина,— ասաց պրիստավը մեղմ, քաղաքավարի եղանակով, որի մեջ, սակայն, օրենքի ներկայացուցչի տիրական-հրամայական շեշտը զգացնել տվեց իրեն շատ որոշակի։

Հայրումյանը վեր կացավ, դուրս գնաց նախասենյակ և մատով թրխկթրխկացրեց խմբագրի սենյակի դուռը։

— Ո՞վ է, ի՞նչ է,— լսվեց ներսից քնից նոր ելած խմբագրի խռպոտ ձայնը։

— Տանտիրուհին է, դատական պրիստավ է բերել, ձեզ են ուզում,— ասաց Հայրումյանը շրթունքները դռան արանքին մոտեցրած։

— Հաա՞,— լսվեց ներսից խմբագրի հայտնի չէ զարմացական, թե՞ ինքնահեգնական ձայնը, հետո քթի ուժեղ փսփսոց և ոտների շարժումը, և ապա թե խմբագիրը կանչեց ներսից հաստատուն ձայնով.— ասացեք՝ իսկույն գալիս եմ։

— Իսկույն կգա խմբագիրը,— ասաց Հայրումյանը վերադառնալով և նստեց իր տեղը։ Գրիչն առավ և, աշխատելով կատարելապես անտարբեր մնալ, ուզեց շարունակել ընդհատված աշխատանքը, տեսավ՝ չի կարողանում մտքերն ամփոփել։ Նրա ուղեղին և զգացմունքներին տիրել էր այն կաշկանդումը, որ սովորաբար ազդում է իշխանության ներկայությունը վախկոտ մարդկանց։ Իսկ սիրտը տկտկում էր ծոցի ժամացույցի պես։

Դատական պրիստավը — խունացած համազգեստով և գռեհկական դեմքով մի շեկ մարդ— շարունակում էր իր որոնումը մաշված, տեղ-տեղ կեղտից դեղնած սև պորտֆեյլի մեջ։ Իսկ տանտիրուհին, պատուհանի մոտ շիփ-շիտակ նստած, տիրական-քննական հայացքով դիտում էր սենյակի հատակը, առաստաղը, պատերը, անկյունները, պատուհանները, դռները։

Հայրումյանը գիտեր, որ նա այրի էր և իշխանուհի, սակայն նրա արտաքինի մեջ ոչ միայն իշխանազնական, այլև կանացի ոչինչ չկար, բացի միայն հագուստից, որը նույնպես նույնքան անճոռնի էր, որքան և նրա արտաքինը։ Հայրումյանին թվում էր մինչև անգամ, թե նա մի շատ տգեղ տղամարդ