Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/21

Այս էջը հաստատված է

ծագում և սպառվում է շիկահեր կնոջ միթոսով. նրա մեջ եռում ու փոթորկվում է սերնդիաստեղծման-հարատևման բնազդը, ծայրահեղ ու անբնական ձև ստանալով:

6

«Տերը բարի տա Եղիա Մարգարեին. լուսամուտի առաջ կանգնած ականջ էի դնում նրա կառքի գոռգոռոցին և մտածում՝ «բախտավո՛ր մարդ, դու այդտեղ վերևը զբոսնում և ձիերիդ պայտերի տակից հուր ու կայծակ ես թափում, բայց իսկի մտածո՞ւմ ես, թե այստեղ՝ այս մժղուկների աշխարհում ի՞նչ ահավոր դրամաներ են կատարվում...»: Այսպես խոսում է Վահանը քրոջ՝ Մանեի հետ, նրա կյանքի վճռական պահին. հզոր պոռթկումներով սկսվում է հեղեղը, որը դժբախտ սիրահարներին գերեզման պիտի տանի: Մանեն խոստովանել է իր սերը Բադամյանին, իսկ սրա մեջ զարթնել է գազանը: Գազանացումը մարդու բնության մեջ է և հազարամյակների քաղաքակրթությունը ի վիճակի չի եղել դույզն իսկ վերափոխել: Փոփոխվել է սոսկ արտաքինը: Որ Մանեն ու Բադամյանը կարող էին սիրել իրար ինքնամոռաց, չխնայելով կյանքը, կասկած չի հարուցում: Կասկածելին, ավելի ճիշտ անբնականը՝ Նար-Դոսի տեսական ելակետն է, այն ելակետը, որ մշակված էր իր ժամանակի, նատուրալիզմում վճռորոշ, հենց բնական գիտությունների տվյալներով: Գազանային բնազդների, ենթագիտակցական ուժերի պոռթկումին հաջորդում է պլատոնական սիրո էկզալտացիան, որ ծանոթ է Օտտո Վայնինգերի տեսությունից: Սկսվում է ինքնախարազանումը: Հիմա էլ հակառակ ծայրահեղությունից դրդված Բադամյանն իրեն պիղծ, շուն է համարում, քանի որ «սրբությանը» մոտեցել է «անմաքուր ձեռքերով, պժգալի զգացումներով, գարշելի ցանկություններով...»: Մինչդեռ ձգտել է Մանեին դարձնել իր Լաուրան, Բեատրիչեն, Մադոննան (պլատոնական սիրո, Վայնինգերի բերած, հայտնի օրինակներն են): Ձգտելով տալ սիրո իսկական, հիմնավորված պատկերը, Նար-Դոսը բնական նորմալ սիրո փոխարեն ստանում է անբնական, երկու ծայրահեղությունների մեշ խճճված սեր՝ ժամանակի որոշ շրջաններում թեև ընդունված, բայց փաստորեն անընդունելի տեսակետներին հետևելու պատճառով: Արհեստականորեն, ինչպես այլ երկերում, հակադրվում են իդեալային (հասցվելով պլատոնականի) և մարմնական սերը (հասցվելով պղծության), այն դեպքում, երբ հարաբերությունը բնական և մարդկային է, ավելին՝ ներդաշնակ լինելու նախադրյալները կան: Եթե կուզեք, հոգեկան ծանր, լարված վիճակների պատճառը նախ այս խեղաթյուրված եզրերի միջև տարուբերվելն է: «Պայքար» վեպի գլխավոր հերոսուհին չգիտե ինչպես վարվել, ինչպես ճշտել սեփական դիրքը բևեռներում: Դա չի վերաբերում միայն սիրո խնդրին, նա չի կողմնորոշվամ նաև գաղափարական երկու բևեռների՝ հների և նորերի, խավարամիտների և ազատամիտների միջև: Վահանը Բադամյանին դրանով էլ բացատրում է նրա վիճակը. Մանեն «քրիստոնյա» է, Բադամյանը՝ «հեթանոս», մեկի կուլտը հոգին է, մյուսինը՝ նյութը:

Նար-Դոսը պաշտպանում է իր սկզբունքը, աչքի առաջ ունենալով բնական