Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/210

Այս էջը հաստատված է

է կանացի շոր հագած,— այն աստիճան կոպիտ էր նրա ձայնը և այն աստիճան տգեղ տղամարդու դեմք էին հիշեցնում նրա վերին շրթունքների վրա բուսած ցանցառ սև մազերը, արտասովոր խիտ սև հոնքերը, չորացած, ոսկրոտ երեսի ծալ-ծալ կնճիռները և մանավանդ հայացքը՝ այնքան դաժան, որ կարելի էր կարծել, թե երբեք չի ժպտում։ Նայելով նրան, Հայրումյանը մտածում էր, որ եթե ինքը նկարիչ լիներ, անպատճառ կնկարեր նրան վհուկի իսկական մի տիպ ներկայացնելու համար։

Մի րոպե իշխանուհու դաժան, թափառող հայացքը կանգ առավ գրասեղանի մոտ հատակի վրա, ուր սև թանաք էր թափված և տեղը — մի բավական մեծ տեղ — սևացել էր, ըստ երևույթին, հավիտենապես։ Նա վեր կացավ, ոտը քսեց սևացած տեղին և դարձավ Հայրումյանին.

— Այս ի՞նչ է, երեխանե՞ր եք։ Բնկարանը որ ձերը չէ, զգուշություն էլ հարկավոր չէ՞,— ասաց զսպած զայրացկոտությամբ։— Եվ ձեր անունը խմբագրությո՜ւն է,— շեշտեց իշխանուհին այնքան արհամարհական և այնքան վիրավորական եղանակով, որ Հայրումյանն անպատճառ կպատասխաներ, եթե տանտիրուհու նկատողության մեջ որոշ ճշմարտություն չգտներ։

Ներս մտավ խմբագիրը, մի կարճլիկ և հաստլիկ մարդ, ժիլետը կոճկելով ուռուցիկ փորի վրա։ Երևում էր, որ լվացվել և հագնվել էր ձեռաց։ Նրա փայլուն սև մազերը, ջրից դեռևս թաց, կպել էին քունքերին, իսկ սև, խոշոր աչքերը դեռևս պղտոր էին, ինչպես քնից նոր ելած և դեռևս անոթի մարդու աչքերը։ Նա լուռ, գլխի հազիվ նկատելի շարժումով բարևեց անկոչ հյուրերին, մի տեսակ լարված-սպասողական հայացքով փոխնիփոխ նայելով տանտիրուհուն և դատական պրիստավին։

Դատական պրիստավը վեր կացավ և նույն քաղաքավարի տոնով, որի մեջ, սակայն, օրենքի ներկայացուցչի ինքնավստահության նույն առանձնահատուկ ազդու շեշտն էր զգացվում, հարցրեց.

— Вы хозяин?

Խմբագիրը, պատասխանելու տեղ, գլխով դրական շարժում արավ մեքենայաբար։