Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/211

Այս էջը հաստատված է

Դատական պրիստավը նրա առջևը դրեց կատարողական թերթը և ասաց, որ եթե նա հենց այժմ չվճարի բնակարանի չորս ամսվա վարձագինը, ապա ինքը պարտավորություն ունի ցուցակագրելու խմբագրատան կահ-կարասիքը աճուրդի հանելու համար։

Խմբագիրը շփեց ձեռքերը, կարծես լվանում էր, ժպտաց և նայելով տանտիրուհուն, բայց պատասխանելով դատական պրիստավին, ասաց.

— Ես կխնդրեի իշխանուհուն, որ մի երկու օր սպասեր, մինչև որ...

— Ո՛չ, — բռնկվեց հանկարծ տանտիրուհին, կարծես օդով լի մի պարկ տրաքեց։— Եվ ո՛չ մի րոպե։ Բավական է՝ որքան խաբեցիք։ Այս բնակարանը քաղաքի կենտրոնումն է և ոչ թե մի որևէ Հավլաբարում։ Երեսուն տարի է վարձու եմ տալիս և առաջին անգամն է, որ հանդիպում եմ ձեզ պես անպարտաճանաչ և անբարեխիղճ կենողի։ Չորս օր չէ, չորս շաբաթ չէ, չո՜րս ամիս է, ամբողջ չորս ամիս խաղացնում եք ինձ՝ էսօր-էգուց գցելով։ Լակեյին եմ ուղարկում, դատարկ եք ճամփու գցում, ինքս եմ գալիս իմ ոտով — տանն եք, ասում եք տանը չեք կամ հետին դռնովն եք փախչում։ Ամոթ չէ՞։

Իշխանուհին իր դաժան հայացքով շեշտակի նայում էր խմբագրի աչքերին և խոսում էր զսպած զայրույթով, խոսում էր առանց շտապելու, և խոսքերը նրա բերանից դուրս էին թռչում առանձին շեշտերով՝ մուրճի հարվածների պես ծանր ու հատու, կարծես մի վարժ ձեռք մուրճով մեխ էր ցցում փայտի մեջ, առանց հարվածները նպատակից շեղելու։

Խմբագիրը սկզբում, ինքնավստահացման ժպիտը դեմքին, մատներով ոլորում էր երկայն փարթամ բեղի ծայրը. հետո ձեռքերը դրեց անդրավարտիքի գրպանները և սկսեց խաղացնել ծնկները։ Շուտով ծնկների այդ խաղը դարձավ ինքնաբերաբար-ջղայնական, որից սկսեց ցնցվել նրա ամբողջ լիքն իրանը կարճ ոտների վրա։ Սակայն, իր հերթին նայելով տանտիրուհու աչքերին և համբերությամբ լսելով նրա շպրտած դառն խոսքերը, դեռևս շարունակում էր ժպտալ, և այդ ժպիտը կարծես ասում էր. «Կուլ տուր, կուլ տուր, հայոց ազգի խմբագիր (այդպես էր անվանել նրա մոլեռանդ երկրպագու և նրա թերթի մշտական բաժանորդներից մեկը—