Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/214

Այս էջը հաստատված է

րոպեին ես նրա համար ոչ խմբագիր եմ, ոչ հրապարակախոս և ոչ ուրիշ որևէ բան. ես սոսկ պարտապան եմ նրա համար և թող իր պարտականի հետ էլ իր հաշիվը տեսնի։ Ճիշտ չե՞մ ասում։

— Да, действительно...— անորոշ արտասանեց դատական պրիստավը։

Խմբագիրն արդեն բոլորովին տիրապետել էր իրեն և խոսում էր վիրավորված մարդու հպարտությամբ։ Լսելով նրա արժանապատվությամբ լի խոսքերը, Հայրումյանին թվում էր, թե նա մի քիչ ավելի է օգտվում, ըստ երևույթին, սահմանափակ ուղեղի տեր տանտիրուհու անտակտ վարմունքից և սրտի խորքում ուրախ էր, որ այդ վարմունքն առիթ չէր տվել իրեն դուրս գալու իր նվաստացածի անհարմար դրությունից և պաշտպանողական դիրքից անցնելու հարձակողականի։ Եվ Հայրումյանը շուտով տեսավ, որ չի սխալվել այդպես կարծելով.— դատական պրիստավը, որ սկզբում խմբագրի վրա նայում էր իր իշխանության վրա վստահ պաշտոնյայի բարձրությունից, այժմ նկատելի հարգանքով էր լսում նրան և, ըստ երևույթին, ճնշվում էր նրա ազդու արտաքինի և ուժեղ խոսքերի ազդեցության տակ։ Իսկ իշխանուհին սուս էր արել, արձանացել էր կանգնած տեղը և ապուշի պես նայում էր խմբագրի վառվռուն աչքերին իր սև և խիտ հոնքերի տակից։ Երևի շատ էր զարմացել և մտածում էր, թե այդ ինչպե՞ս եղավ, որ մեղադրողի դիրքից հանկարծ մեղադրյալի վիճակի մեջ է ընկել ինքը։

— Ну, господа,— կարծես հանկարծ հիշելով իր դիրքն ու դերը, ասաց դատական պրիստավը պաշտոնական չորությամբ,— այդ բոլորն ինձ չի վերաբերում և թույլ տվեք, խնդրեմ, պարտավորությունս կատարեմ։ Ուրեմն ասում եք, որ չեք կարող վճարել,— դիմեց նա խմբագրին։

Խմբագիրը ժպտաց և ուսերը վեր քաշեց։

— Ավա՜ղ, այս վայրկյանին, որ ոտներիցս կախեք, մի քոռ կոպեկ չի ընկնի գրպանիցս,— ասաց նա մի տեսակ կոմիկական ինքնահեգնանքով։

— Դո՞ւք ինչ կհրամայեք,— դիմեց տանտիրուհուն դատական պրիստավը։— Ցուցակագրե՞մ։