Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/220

Այս էջը հաստատված է

անցյալում և որոնցով միայն կարողացավ իսկույն ճանաչել նրան։

— Արա՜մ...— շշնջաց նա կես-սարսափով և կես-թերահավատությամբ։

— Այո՛, ես եմ, Ֆլորա,— կամաց արտասանեց այցելուն, գլուխը մի քիչ առաջ երկարացրած և սիրով ու կարոտով նայելով նրա աչքերին։

Այդ ձայնը... Այլևս ո՛չ մի տարակույս։ Եվ նորատի կնոջ զարմանքն ու հետաքրքրությունը հանկարծ տեղի տվին մի մահասարսուռ վախի, որպիսին պատում է մարդու մի ահավոր անակնկալի հանդեպ, երբ փրկության ոչ մի ելք չի լինում։ Ահռելի իրականության գիտակցությունը եկավ շանթելու նրա առժամապես ընդարմացած ուղեղը և հիմն ի վեր ցնցելու նրա ամբողջ էությունն այնքան ուժգնորեն, որ մի րոպե նրա աչքերը մթնեցին, սիրտն սկսեց բաբախել վայրկենական արագությամբ, գլուխը պտտվեց, և նա վար կընկներ անպատճառ, եթե չնստեր մոտիկ գտնված աթոռի վրա։

Այցելուն, իր մի հատիկ ոտով ցատկոտելով և փայտե նեցուկը թրխկթրխկացնելով հատակի վրա, արագորեն մոտեցավ նրան և կանչեց վախեցած.

— Ֆլո՛րա...

Նորատի կինը, գույնը նետած, աչքերը փակեց, գլուխն իջեցրեց ծնկների վրա և ձեռքերը բարձրացրեց գլխի վրա, որպես թե պաշտպանվելով սպասած հարվածից։

Բայց այցելուն քնքշորեն առավ խնամքով պահված այդ սպիտակ, այդ ողորկ, գոհարազարդ մատանիներով օղակված այդ գեղեցիկ ձեռքերից մեկը իր ձախ ձեռքով, մոտեցրեց շրթունքներին և ասաց գորովալից, հանգստացուցիչ ձայնով.

— Մի՛ վախենար, Ֆլորա։ Վրեժը չէ, որ ինձ բերել է քեզ մոտ, այլ կարոտը, անձկությունը, որից այսքան ժամանակ տառապել եմ հեռավոր մենությանս մեջ։ Ես հասկանում եմ քեզ և լիովին մտնում եմ քո դրությունը։ Մեռելները հարություն չեն առնում, բայց եթե պատահի, որ մի հրաշքով հարություն առնեն, անշուշտ այդպիսի ահ ու սարսափ կազդեն, ինչքան էլ որ ծով արցունք լինի թափված նրանց համար։ Բարձրացրու գլուխդ, մեկ լավ նայեմ աչքերիդ. չէ՞ որ