Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/222

Այս էջը հաստատված է

— Ուրեմն դու գերի՞ էիր ընկել:

— Այո, մերոնք փախան և ինձ թողին փշրված ոտով։ Ինչո՞ւ ոտիս տեղ գանգս չփշրվեր, այս սոսկալի անոթը, որի մեջ ամբարված են բոլոր տանջանքների սաղմերը։ Այն ի՜նչ տառապանքներ էին, որ ես կրում էի նախ՝ հիվանդանոցում և ապա՝ կոնցենտրացիոն լագերում: Ֆիզիկականը ինքնըստինքյան, խոսքս հոգեկան տառապանքներիս մասին է քեզ համար, զավակիս համար, մորս համար, քրոջս համար: Հազար ու մի կասկածներ էի տանում, մեկը մյուսից մռայլ, մեկը մյուսից հուսահատական։ Մտածում էի— արդյոք ի՞նչ են անում, ինչպե՞ս են ապրում. թշնամին խո ներս չի՞ խուժել, սրի խո չի՞ անցրել, կամ փախստական չեն դարձել, զոհ չե՞ն գնացել որևէ համաճարակ հիվանդության...

Արամը նստեց մոտիկ աթոռի վրա, նեցուկը հենեց պատին և ավելացրեց մռայլ մտախոհության մեջ.

— Եվ որ մտածում եմ, թե թերևս ոչինչ չլիներ, և ես այսքան չդժբախտանայի, եթե հնար լիներ, որ մի լուր տայի քեզ ինձնից և մի լուր ստանայի քեզնից...

Նա գլուխը դառնորեն շարժեց և լռեց։

— Դու քոնն ես ասում, հապա ի՞մ հոգեկան տանջանքները,— ասաց Ֆլորան։— Սկզբում շարունակ դողալ թանկագին մարդու կյանքի համար և ապա համարյա չորս տարի ապրել անստուգության, սպասումի և հուսալքումի մեջ... Հապա նյութական զրկանքները, առօրյա ապրուստի հոգսը: Ի՞նչ պիտի աներ մեզ այն չնչին նպաստը, որ ստանում էինք մենք: Մայրդ՝ պառավ և շարունակ հիվանդ, քույրդ՝ դասերի հետևից և վերցրածն իր անձնական պետքերին հազիվ էր բավականանում, ես՝ փոքրիկ երեխան ձեռքիս: Սկզբում, քանի մայրդ շատ չէր հիվանդ և կարողանում էր նայել երեխային, ես ինձ համար մի փոքրիկ պաշտոն գտա Քաղաքների Միության մեջ, բայց հետո ստիպված էի թողնել, որովհետև մայրդ ինքն արդեն խնամքի կարոտ դարձավ, և երեխան մնացել էր բոլորովին անտեր։ Վերջը քույրդ ամուսնացավ, մորը տարավ իր մոտ: Մնացել էի մեն-մենակ, ապրուստի միջոցներից միանգամայն զուրկ. տանը բան չմնաց, որ չծախեցի:

Արամը նստած էր լուռ, փափախը դրած մի հատիկ ծնկան վրա, և լսում էր իր նախկին կնոջ արդարացումները, ըստ