Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/223

Այս էջը հաստատված է

երևույթին, հանգիստ ու անտարբեր։ Նա մերթ դիտում էր ընդարձակ ու բարձր սենյակի փարթամ կահավորանքն ու ոսկեհուռ զարդարանքները, մերթ նայում նորատի կնոջ շքեղ հագուստին, մատների մատանիներին, ականջներին հուրհրատին տվող ադամանդյա օղերին, մազերի մեջ փայլող թանկագին ծամկալներին, և մի մռայլ կասկած ու թերահավատություն, որ դեռ գալուց առաջ թունավոր օձի պես սողոսկել էր նրա հոգին և տեսակցության առաջին րոպեների ազդեցության տակ առժամանակ հանգիստ պառկած էր այնտեղ, այժմ սկսել էր կամաց-կամաց բարձրացնել գլուխը։

Եվ երբ կինը վերջացրեց, նա դեռևս նստած էր լուռ և արտաքուստ հանգիստ, միայն մի հատիկ ծունկը հա նկատելի կերպով դողում էր ջղայնորեն։

— Այդպես ուրեմն,— վերջապես խոսեց նա մի քանի րոպեի ծանր լռությունից հետո, առանց նայելու կնոջը,— մնացել էիր մեն-մենակ, ապրուստի միջոցներից զուրկ... Բայց ինչո՞ւ,— հարցրեց նա հազիվ լսելի ձայնով,— մի՞թե ոչ ոք չէր օգնում...

— Ո՞վ պիտի օգներ,— միամիտ զարմանքով հարցրեց կինը։

Արամը դանդաղորեն նայեց նրան ծուռ։

— Այն պարոնը, որ պատերազմի ժամանակ իր համար տաքուկ տեղ է գտել Քաղաքների Միության մեջ։

Ֆլորան ցնցվեց, որպես թե մի օձ խայթեր նրան, և ամբողջ իրանով առաջ նետվեց.

— Ի՞նչ ես ուզում ասել դրանով։ Որ ամուսնացե՞լ եմ նրա հետ։

— Ոչ, այդ չեմ ուզում ասել։

— Հապա ի՞նչ։

— Հապա այն, որ ինձ... ուրիշ բան ասացին,— հապաղելով և հանգիստ պատասխանեց Արամը, առանց նայելու նրան։

— Ուրի՞շ բան։ Ի՞նչ։ Ո՞վ։

— Ով-որ...

— Կիսաբերան մի՛ խոսիր, Արամ,— համարյա ճչաց կինը զսպած վրդովմունքով։— Ասա՛ ուղղակի, որ քո՛ւյրդ է ասել։