Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/227

Այս էջը հաստատված է
Այս էջը սրբագրված է

թուք ու մուրը կրել եմ անտրտունջ քո խաթեր, և դու ասում ես՝ շատ եմ շտապել։ Ամբողջ չորս տարի վշտի և հուսահատության մեջ սպասելը շատ շտապե՞լ է նշանակում։ Որտե՞ղ փնտրեի ես քո պահանջած ապացույցը, որ ինձ ազատ համարեի։ Եվ, վերջապես, չէ՞ որ այս բանը ես արեցի ճարահատյալ, արեցի գլխավորապես քո զավակի համար. նա սոված էր, նա տկլոր էր, իսկ ես՝ մենակ, անօգնական։ Իսկ դու բանն այնպես ես դուրս բերում, որպես թե ես օգտվել եմ առիթից և աշխատել կարելույն չափ շուտ ազատվել քեզանից։ Այդպե՞ս ես ճանաչել ինձ մեր չորս տարվա կենակցության ժամանակ։ Եվ դեռ ասում ես, թե վրեժը չէ, որ քեզ բերել է ինձ մոտ։ Ահա թե ո՛րտեղ երևաց այն ուրիշ բանը, որ ասել է քեզ քույրդ իմ մասին, ահա թե ո՛ր աստիճան դու կարևորություն չես տվել նրա ասածներին։

Արամն այս անգամ խոնարհվել էր իր մի հատիկ ծնկան վրա, նայում էր հատակին մտառու, կենտրոնացած հայացքով և այլևս ոչ մի խոսք չէր արտասանում։ Եվ երբ կինը լացի հետ վերջացրեց իր արդարացումներն ու հանդիմանությունները, սենյակում տիրեց մի երկարատև ծանր լռություն։

— Գիտե՞ս ինչ, Ֆլորա,— վերջապես խոսեց Արամը ուղիղ նստելով և նայելով կնոջն այնքան հանգիստ հայացքով, որ կարծես ոչինչ չէր պատահել։— Քեզ մոտ որ գալիս էի, չեմ ասում, թե հաշտված էի դրությանս հետ։ Այդ անկարելի է։ Սա այնպիսի դրություն է, որի հետ ո՛չ մի մարդ չի կարող հաշտվել։ Բայց ինքս ինձ վճռել էի զսպել ինձ և ոչ մի հանդիմանություն չանել քեզ հենց թեկուզ միայն այն պատճառով, որ այդ ավելորդ և անօգուտ կլիներ, և դրանով անցածը չէր դառնա։ Բայց եթե, այնուամենայնիվ, մի քանի անախորժ խոսքեր թռցրի բերնիցս, որոնց համար ես այժմ շատ եմ զղջում և քեզ էլ խնդրում եմ, որ ներես ինձ, այդ պետք է վերագրես այն բանին, որ... (նրա ձայնը դողաց)։ Ֆլորա, հասկանո՞ւմ ես արդյոք ի՞նչ է կատարվում այս րոպեին իմ հոգու մեջ։ Չէ՞ որ դու ի՛մն էիր, ի՛մ հարազատը, ի՛մ սիրելին և, թվում էր, թե՝ ի՛մ անբաժանելին։ Մինչդեռ ահա դու նստած ես այդտեղ, իմ հանդեպ, այդքան գեղեցիկ և այդքան ցանկալի և ըղձալի ինձ համար, և ես իրավունք