Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/230

Այս էջը հաստատված է

անգամ մանկական հետաքրքրությամբ նայելով անծանոթ հոր աչքերին։

— Ո՞վ ասաց, բալիկս, թե սպանված եմ։

— Մաման էր ասում։

— Մաման սխալվել է, ջանիկս, ես միայն վիրավորված եմ եղել ոտից։ Այ, տես։

Արամը շինելի մի փեշը ետ ծալեց և ցույց տվեց կտրած ոտը։ Ոտը կտրած էր ծնկից վերև, նույնչափ էլ կտրված էր զինվորական դեղին անդրավարտիքը և բերանը կարած՝ տոպրակի պես։

Սուրիկը հետաքրքրությամբ նայեց, հետո ինքն իր ձեռքով զգուշորեն բարձրացրեց հոր շինելի մյուս փեշը, որի տակ գտնվում էր նրա առողջ ոտը։

— Հիմա այս մի ոտո՞վ եք ման գալիս,— հարցրեց։

— Չէ, էլի երկու ոտով։

— Ինչպե՞ս թե,— զարմացավ երեխան։

— Այ, տես,— հայրը ցույց տվեց պատին հենած նեցուկը,— թևիս տակն եմ առնում և ման գալիս ինչպես երկու ոտով։

— Գիտե՞ք ինչ, պարոն,— հանկարծ ասաց երեխան մանկական հետաքրքրությամբ,— փողոցում ես ուրիշ մարդիկ էլ եմ տեսնում այդպիսի փայտերով ման գալիս։ Նրանք է՞լ են եղել պատերազմում։

— Բոլորը։ Բայց լսիր, ջանիկս, ինչ եմ ասում, ինձ այլևս պարոն չանվանես. խո գիտես, որ ես քո հայրիկն եմ։

— Հա, Սուրիկ ջան,— նկատեց իր կողմից մայրը,— այսուհետև միշտ հայրիկ կանվանես։ Լսո՞ւմ ես։

Սակայն Սուրիկը կանգնած էր լուռ և մանկական լուրջ տարակուսանքով նայում էր մերթ մոր աչքերին, մերթ շինել հագած այն հատոտանի մարդուն, որին ստիպում էին հայրիկ անվանել։

Հայրը բռնեց նրա ձեռքերից և մոտ քաշեց։

— Մի՞թե դու ինձ երբեք չես տեսել, բալիկս։

Սուրիկը մտառու հայացքով նայեց նրա աչքերին և գլխով բացասական շարժում արավ։

Հայրը ավելի մոտեցրեց երեխային և կպցրեց իր ծնկանը։