Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/231

Այս էջը հաստատված է

— Լա՛վ նայիր ինձ, ջանիկս, գուցե հիշես, դու այն ժամանակ ախր շատ փոքր չէիր, խոսում էիր, վազվզում, պարում, նույնիսկ պստիկ-պստիկ ոտանավոր էիր ասում, երգում։ Ես քեզ համար խաղալիքներ էի բերում— երկաթուղի, ավտոմոբիլ, ձի, ուրիշ շատ, շատ բաներ։ Ձի էի դառնում, նստեցնում էի քեզ ուսերիս վրա և վազվզում սենյակներում, դու էլ ծիծաղում էիր, կչկչում։ Հետո... Ես քեզ տանում էի ինձ հետ ման ածելու, կարմիր, կապույտ օդապարիկներ էի առնում քեզ համար, միրգ էի առնում, կոնֆետ, շոկոլադ: Մի՞թե ոչինչ չես հիշում։

— Ոչ, չեմ հիշում,— պատասխանեց երեխան, նորից բացասաբար շարժելով գլուխը։

— Հիմա՛ր, ինչպե՞ս չես հիշում,— նկատեց մայրը,— քանի՛ անգամ եմ պատմել։

— Վա, զոռով է՞, որ չեմ հիշում,— բացականչեց երեխան դեմքի այնպիսի մի կոմիկական ծամածռությամբ, որ հայրն էլ, մայրն էլ ակամա ծիծաղեցին։

Մինչև այժմ հայրը ամեն կերպ զսպում էր իրեն, աշխատում էր այնպիսի բան չանել, որ երեխան խրտնի իրենից։ Բայց է՛լ չդիմացավ, հանկարծ երկու ձեռքով բարձրացրեց նրան, նստեցրեց ծնկան վրա, պինդ կպցրեց իրեն և սկսեց մի խենթ ողջագուրանքով համբույրներ դրոշմել նրա գլխին, այտերին, շրթունքներին, աչքերին, ո՛ւր պատահեր։ Եվ մեկ անգամ չէ, երկու անգամ չէ, թվում էր, թե վերջ չէին ունենալու հայրական սիրո և կարոտի այդ բուռն զեղումները, որոնք այնքան տարիների ընթացքում կուտակվել էին նրա սրտում։

Երեխան վախեցած խլպլտում էր հոր ջլապինդ ձեռքերի մեջ սեղմված, երեսը այս ու այն կողմն էր դարձնում, գլուխը ետ էր գցում, որ խուսափի նրա անախորժ համբույրներից և աղաղակում.

— Վա՛յ, ի՞նչ եք անում, թողեք, չեմ ուզում... Մամա... Իսկ հայրը կարծես միտք չուներ թողնելու, ավելի ու ավելի էր սեղմում երեխային իր գրկում և շարունակում էր խելագար համբույրները։ Վերջապես Սուրիկը իր ճկուն մարմնի ճարպիկ գալարումներով դուրս պրծավ նրա անհաճո գրկից, հեռու փախավ և ճակնդեղի պես կարմրատակած