Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/234

Այս էջը հաստատված է

է և ներկայումս հրահանգիչ է գավառում։ Այնուհետև՝ աղջիկս ուսուցչուհի է, իսկ փոքր տղաս սովորում է բանֆակում և խոստանում է ավելի թունդ բոլշևիկ լինել, քան իր ավագ եղբայրները։ Ներկայումս ես արդեն մոտ վաթսուն տարեկան ծերունի եմ։ Թողել եմ ուսուցչությունը։ Ստանում եմ կենսաթոշակ։ Անցյալ տարվանից կնոջս հետ մշտապես տեղափոխվել եմ իմ հայրենի գյուղաքաղաքը, ուր պաշտոնավարում է աղջիկս, և ապրում եմ նրա մոտ հանգիստ ու ապահով, միանգամայն մոռանալով իմ նեղ օրերը, որոնցից մեկը նկարագրել եք դուք ձեր պատմվածքի մեջ։

Խմբագրության քարտուղա՛րը։

Սրա կյանքն արդեն մի կատարյալ էշի մարտիրոսություն էր։ Ֆանատիկոսի մոլեռանդությամբ նվիրված լինելով թերթին, տարեցտարի և օրը օրին մեն-մենակ լցնելով թերթը, ցերեկը խմբագրատանը և գիշերները տպարանում անցկացնելով, այնքան չէր ստանում, որ գոնե մի տաք կերակուր ուտեր և ձմեռը տաք հագնվեր։ Վերջը թքեց թերթի վրա էլ, ամեն բանի վրա էլ, գնաց Էջմիածին, կուսակրոն ձեռնադրվեց, վարդապետ դառավ, հետո ծայրագույն վարդապետ, գրում էր «Արարատ»-ում, քիչ մնաց եպիսկոպոս ու թեմակալ դառնար, փորը մի քիչ հաստացրեց և մեռավ անհայտ ու անպտուղ։

Երգիչ Ջափինյա՛նը։

Վերջը բանից երևաց, որ սա փքուռույց հռչակի տեր և անտաղանդ մեկն է եղել, զուրկ նույնիսկ լսողությունից։ Ինչպես որ արագ բարձրացել էր արքունական թատրոնների բեմերը իր հիրավի որ հուժկու ձայնի շնորհիվ, այնպես էլ և է՛լ ավելի արագ ցած գլորվեց այնտեղից։ Ջափինյանը չի մոռացել իր նախկին տիրացությունը և երբեմն-երբեմն իր բարեկամ այս կամ այն հանգուցյալի թաղման ժամանակ իր գոմշի ձայնով վեր է քաշում «Ի վերին Երուսաղեմ»-ը ի պատիվ հանգուցյալի հարազատների, որոնք այդ բանից զգացված՝ սկսում են է՛լ ավելի մեծ թափով, ճիչ ու ծղրտոցով (կանայք, իհարկե) վայ տալ իրենց թանկագին կորուստը։ Ցիլինդրը, կարմիր փողկապը իր խոշոր ադամանդով և բարձր կրունկներով փայլուն կոշիկները վաղուց, շատ վաղուց հրաժեշտ են տվել նրան։ Բայց, չնայելով իր մոտ վաթսունհինգամյա