Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/237

Այս էջը հաստատված է

երեխաների տեր մի հրեա կին, որը բակի դարպասում սեղանի վրա զանազան երկաթեղեն էր ծախում — կողպեքներ, մկրատներ, դանակներ, մատնոցներ և այլն։ Այս երեք խեղճ կենողներից ամենավատ սենյակն իմն էր— խոնավ, մութ, ընդհանուր արտաքնոցներին կպած։ Ամոթ էլ էր այդ սենյակ անվանել, սկզբում դա եղել էր տանտիրոջ հավաբունը, ուր նա բազմաթիվ հավեր էր եղել պահելիս իր տան գործածության համար (ստամոքսի ինչ-որ հիվանդություն ունենալու պատճառով բժիշկներն արգելած են եղել նրան թռչունի մսից ուրիշ որևէ կենդանու միս ուտել), բայց որովհետև հավերի աղտոտությունից հոտելիս է եղել բակը, և կենողները շարունակ բողոքելիս են եղել այդ բանի դեմ, Դավիթ Ֆոմիչը հավերը տեղափոխել էր տան կտուրը, ուր նրանց համար հատուկ հավաբուն էր շինել տվել պատշաճ սարքավորումով, իսկ նախկին հավաբունը մի քիչ կարգի դնելով, սենյականման մի բանի էր վերածել, ուր և վիճակվել էր ինձ ապրել իմ նեղ օրերին։

Դավիթ Ֆոմիչի ընտանիքը մեծ չէր. ինքն էր, կինը, մի հատիկ տղան և աղջիկը։ Տղային և աղջկան տնային կրթություն էր տալիս սկսած երաժշտությունից մինչև գիմնազիական դասընթացը։ Ֆրանսուհի դաստիարակչուհին էլ հո ջոկ։ Մի անգամ նույնիսկ փորձեց, որ նրանք հայերեն դասեր էլ առնեն, և դրա համար հրավիրեց ինձ, բայց տղան էլ, աղջիկն էլ հենց սկզբից բացեիբաց հրաժարվեցին, ասելով, որ հայերենը շատ դժվար լեզու է, և ինչի՞ է պետք այդ «կռոյի լեզուն» (տան մեջ նրանց գործածական լեզուն ռուսերենն էր և ֆրանսերենը)։

Աղջիկը բավական տգեղ արարած էր, հոր պես դեղնավուն և, ըստ երևույթին, հիվանդոտ, բժիշկը շաբաթը երկու անգամ կանոնավորապես այցելում էր նրան։ Ծնողների առանձին հոգացողության տակ էր նրա լսելիքը, եթե պատահում էր, որ փողոցային որևէ թափառական մի երաժիշտ իր արգանով կամ հարմոնով, ջութակով կամ շվիով մտնում էր տան բակը մի քանի կոպեկ հավաքելու համար, իսկույն ծառաների միջոցով դուրս էին քշում նրան, որ աղջկա երաժշտական լսելիքը չփչանա այդ «վայրենի» ձայներից։

Տղան, մի շատ գեղեցիկ, աշխույժ ու չարաճճի պատանի,