Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/238

Այս էջը հաստատված է

բոլորովին նման չէր ոչ հորը, ոչ մորը և ոչ էլ մանավանդ քրոջը և, երևի այդ պատճառով, նրանց առանձին սիրո և գուրգուրանքի առարկան էր։ Նրան շատ էին երես տվել, և նա տան մեջ ինչ օյինբազություններ ասես չէր անում։ Դեռևս քսան տարեկան չեղած, գիմնազիական դասընթացն արդեն ավարտած էր համարում իրեն և այլևս չէր ուզում սովորել։ Գրպանը միշտ լիքն էր լինում փողով, և նա ծախսում էր քեֆն ուզածին պես։ Մի քանի անգամ բռնվել էր խոշոր սկանդալների մեջ և միշտ էլ անպատիժ մնացել հոր շնորհիվ։ Ման էր գալիս գլխարկը ծոծրակին դրած և մազերի գեղեցիկ փայլուն գանգուրները ճակատին ցրիվ տված։

Ինքնըստինքյան հասկանալի է, որ Դավիթ Ֆոմիչյը, իբրև հարուստ մարդ, ապրում էր, ինչպես ասում են, լեն ու բոլ։ Ամեն ամառ ընտանիքով քոչում էր արտասահման և ամեն անգամ վերադարձին այնտեղից բերում էր այնպիսի զարմանահրաշ բաներ, որ տեսնողը մնում էր բերանը բաց։ Դրանք մեծ մասամբ ոչինչ բաներ էին— սեղանի վրա կամ բուխարու գլխին դնելիք զարդարանքներ, տարօրինակ ձևի և կոնստրուկցիայի ժամացույցներ, ալբոմներ, ծաղկամաններ և այլն։ Մի անգամ էլ բերնից մի շատ գեղեցիկ թեթև ավտոմոբիլ հատկապես իր և ընտանիքի անդամների զբոսանքի համար։ Բայց ամենից շլացուցիչը Լյուդվիկոս չգիտեմ ո՛րերորդի ոճով պատրաստված կահավորանքն էր, որ ապսպրել էր Փարիզից իր դահլիճի համար։ Պարծանքով էր պատմում, որ միմիայն սեղանը, գահավորակը և երկու բազկաթոռը իր վրա նստել էր տասը հազար ռուբլի։ Շատ էր սիրում իր բարեկամների շրջանում պատմել հետևյալ դեպքն իրենց փարիզյան այցելություններից.

— Մի երեկո նստած ենք Բուլոնյան անտառում։ Դե, հայտնի է, թե ինչ հասարակություն է զբոսանքի ելնում այդ անտառը. ամբողջ շիք ու հրաշալիք։ Կինս նայեց, նայեց, մի խոր հոգոց քաշեց և ասաց․ «Է՛հ, մե՛նք էլ կասենք ապրում ենք, սրա՛նք էլ»։

Եկավ աշխարհասասան պատերազմը, և միակ վնասը, որ հասցրեց Դավիթ Ֆոմիչին, այդ այն էր, որ զինվորական վարչությունը գրավեց նրա ավտոմոբիլը իր պետքերի համար։ Այդ բանը մեծ ցավ պատճառեց նրան, բայց ի՞նչ կարող