Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/242

Այս էջը հաստատված է

վաղ դուրս էր գալիս, գնում հայտնի չէ ո՛ւր և վերադառնում ուշ գիշերին։ Առանց այն էլ բրոնզի գույն ունենալով, նրա դեմքը միանգամայն դեղնել էր, կնճիռները փափկել կախ էին ընկել, շապոն այլևս ծուռ չէր դնում, այլ աչքերի վրա վար թողած, իսկ մատանիները չքացել էին մատներից, բայց ձեռնոցները և ձեռնափայտ կրում էր առաջվա պես։ Առաջ էլի պատահում էր, որ բակի կենողների կամ ծանոթների հետ հանդիպած ժամանակ կանգնում խոսում էր, բայց այժմ հազիվ միայն լուռ բարևում էր և անցնում գնում։

Վերջ ի վերջո այդ տունն էլ ազգայնացվեց ընդհանուր կարգով, և Դավիթ Ֆոմիչի ընդարձակ բնակարանում եկավ տեղավորվեց մի ինչ-որ հիմնարկություն։ Գրավվեց բնակարանի ամբողջ կահավորանքը, այդ թվում նաև լյուդվիկոսյան սեղանն ու գահավորակները։ Հետագայում, երբ Դավիթ Ֆոմիչն արդեն հաշտվել էր իր դրության հետ և իր նախկին հարստությունից ու պատվից զրկված՝ բարեկամացել ինձ հետ, դառնությամբ գանգատվելով ասում էր, թե ճիշտ է, սկզբում շատ էր մտահոգվում իր բնակարանի համար, բայց չէր կարծում, թե բնակարանի հետ կահավորանքն էլ կգրավեն։

— Այլապես,— ավելացնում էր նա,— որ գիտենայի, թե կահավորանքս էլ պիտի գրավեն, հերները կանիծեի, մի մազ անգամ չէի թողնի, որ աչքները կոխեն։ Աղքատ ազգականներ շատ ունեմ, բաժան-բաժան կանեի, ամեն մեկին մի բան կտայի, ձեզ կտայի, դռնապանիս կտայի, մի խոսքով՝ շուն ու գելի կտայի, բայց չէի թողնի, որ նրանք գան տիրանան իմ ընտանեկան պետքերի համար իմ հատուկ ճաշակով պատրաստել տված իրեղեններին։

Դավիթ Ֆոմիչին թույլ տվին իր պետքերի համար վերցնել ամենաանհրաժեշտ իրեղեններն ու հագուստեղենը և հատկացրին նրան խոհանոցին կից գտնված մի սենյակ, ուր առաջ գիշերում էին նրա խոհարարն ու ծառաները։

Սկզբում Դավիթ Ֆոմիչն այս հարվածը տարավ զարմանալի տոկունությամբ ու մինչև սրտի խորքը վիրավորված մարդու լուռ հպարտությամբ։ Առաջվա պես ամեն առավոտ գնում էր ուր-որ և վերադառնում ուշ գիշերին։ Ոչ ոքի հետ ոչ խոսում էր, ոչ էլ բարևում։ Նրա սենյակին կից խոհանոցում