Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/243

Այս էջը հաստատված է

տեղավորված էին հիմնարկության սպասավորներից երկու հոգի՝ կուրիերը և սրա կինը, որը մաքրում էր սենյակները և հիմնարկության ծառայողների համար թեյ պատրաստում։ Երևում էր, որ Դավիթ Ֆոմիչը տանել չէր կարողանում նրանց հարևանությունը և ավելի այդ հարևանությունից էր, որ փախչում էր։

Այնուհետև մինչև այս նախավերջին տարին շատ փոփոխություններ կատարվեցին այդ տան մեջ. մի հիմնարկության տեղ եկավ մի ուրիշը, սա էլ գնաց, տունը վերջնականապես դարձավ ժակտ, ներքին խանութներում տեղավորվեց բանկոոպը, մասնավոր վաճառականները հեռացվեցին իրենց բնակարաններից, նրանց տեղ եկան բանվորներ, ի միջի այլոց և իրեն՝ Դավիթ Ֆոմիչի նախկին սապոնի գործարանի մի քանի բանվորներ իրենց ընտանիքներով, վերևը բնակություն հաստատեցին խորհրդային պատասխանատու պաշտոնյաներ, իսկ իրեն՝ Դավիթ Ֆոմիչին, վերևից քշեցին և բերին տեղավորեցին իմ նախկին սենյակում կամ, ուրիշ խոսքով ասած, իրեն իսկ նախկին հավաբնում, որտեղից ես ամուսնանալու պատճառով վաղուց դուրս էի եկել և բնակվում էի նույն բակում դատարկված մի ավելի հարմար բնակարանում։

Այս հարվածն արդեն չկարողացավ տանել Դավիթ Ֆոմիչը։ Ինչպես որ գազով լի շշի խցանը հանես, և գազը ֆշշալով ու թշշալով դուրս պրծնի հանկարծ, այնպես էլ Դավիթ Ֆոմիչի գոռոզ սրտի մեջ մինչև այդ հավաքված վիրավորանքի և նվաստացման թույնը արտավիժեց միանգամից։ Ծայր աստիճան կատաղած, փրփուրը բերանին, արնակալ աչքերը շուռումուռ տալով, սկսեց ոտները գետնովը տալ, սպառնալ, թե ցույց կտա նրանց, կգնա կգանգատվի ուր պետք է, բայց նրա սպառնալիքների վրա միայն ծիծաղեցին և հասկացրին նրան, որ հիմա ոչ պրիստավ կա, ոչ գուբերնատոր, և ուր էլ որ գնա գանգատվելու, ամեն տեղ էլ իր դիմաց կտեսնի իրենց նման բանվորների, որոնք նույնպես կծիծաղեն իր վրա. ավելի լավ է՝ սուս անի և հանգիստ նստի իր տեղը, թե որ չի ուզում այդ սենյակից էլ զրկվել։

Այդ խրատից հետո Դավիթ Ֆոմիչը թեև սուս արավ, բայց հանգիստ չնստեց իր տեղը։ Մի քանի օր կորած էր, ոչ ցերեկն