Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/247

Այս էջը հաստատված է

խոնավացնում. կենողներն անկարգ, բիրտ մարդիկ են, ջարդում են պատուհանների ապակիները, թիթեղե վառարաններ են դրել սենյակներում, ծխնելույզները դուրս են հանել պատուհաններից, պատի կառնիզները սևացրել՝ ծխի ծեփով ծածկել և այլն, և այլն, և այս բոլորի վրա ժակտը ոչ մի ուշադրություն չի դարձնում։

— Լավ, ձե՞զ ինչ, Դավիթ Ֆոմիչ,— ասացի ես մի անգամ, երբ նորից սկսել էր գանգատվել այս մասին,— տունը խո ձերը չէ այլևս։

Նայեց ինձ աչքերի այնպիսի մի ցոլքով, որպիսին տեսել էի նրա աչքերի մեջ անցյալներում իր լավ ժամանակ, երբ որևէ բանի վրա կատաղած էր լինում։

— Տունը ի՛մu էր և ի՛մս էլ կլինի,— ասաց նա ծանր-ծանր, հատկապես շեշտելով «իմս» բառը և ամեն մի «իմս»-ի հետ բռունցքը խփելով սեղանին։

— Այդ ինչպե՞ս, Դավիթ Ֆոմիչ։

— Այդ ե՛ս գիտեմ, թե ինչպես,— նորից շեշտեց «ես» բառը մի առանձին խորհրդավորությամբ։

— Եվ ե՞րբ, Դավիթ Ֆոմիչ,— շարունակեցի հարցուփորձս։ Ինձ արդեն զվարճություն էին պատճառում նրա անվերապահ պնդումները։

— Երբ որ երբը կգա,— պատասխանեց նույն խորհրդավորությամբ։

— Ե՞րբ կգա այդ երբը:

— Շուտո՜վ, շուտո՜վ։ Որովհետև մի երկիր չի կարելի երկար ժամանակ կառավարել ավազակներով։

Այս անգամ «ավազակներ» բառը շեշտեց մի առանձին կրքոտությամբ և, ըստ երևույթին, ուզում էր շարունակել, երբ հանկարծ հարևան սենյակիս դուռը բացվեց արտասովոր շրխկոցով և ոչ թե մտավ, այլ մի տեսակ ներս նետվեց կոմերիտ տղաս։ Ինչպես երևում էր, նա տանն էր եղել, որ ես չգիտեի, և հարևան սենյակից լսելիս էր եղել մեր խոսակցությունը։ Մտնելու ձևը որ տեսա և նայեցի աչքերին, իսկույն հասկացա, որ նրան վառել էր Դավիթ Ֆոմիչի արտասանած «ավազակներ» բառը։

Եվ չսխալվեցի։

Նա ուղղակի գնաց կանգնեց Դավիթ Ֆոմիչի առջև և հարցրեց.