Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/25

Այս էջը հաստատված է

է կատակով ասում. «Ջորին խո գիտես ինչ է,— ոչ ձի է, ոչ էշ...»: Վահանն իր դիրքորոշումով թե ազգային արժեքների պահպանության, թե ազգության զարգացման ուղիների հարցում մոտ է հեղինակի նորդարական հայացքներին, և դա ավելի շեշտվում է, երբ անդրադառնում է ազատամիտներին: Հայտնի է, որ «Նոր-Դարը» փորձում էր դիրքավորվել «Մեղու Հայաստանիի» և «Մշակի» միջև, հայտնում էր, թե պետք է և՛ պահպանողական, և՛ ազատամիտ լինել: Ձգտելով հավասարակշիռ մի դիրք գրավել «հների» և «նորերի» ծայրահեղությունների միջև, «Նոր-Դարն» ըստ էության շարունակեց ազգային-պահպանողական գաղափարախոսությանը նոր էտասլում: Ազատամիտների հանդեպ արդեն Վահանն անողոք է և լիովին հեղինակի տրամադրության տակ՝ կարելի է ասել, հեղինակի խոսափողն է: Իհարկե Նար-Դոսը, չափի նուրբ զգացումով օժտված արվեստագետն, այնուամենայնիվ, չի ներկայացնում հասարակական մտքի վայրիվերումները, բախումները լայնորեն և ըստ էության, իբրև գաղափարական պայքար: (Վեպի խորագիրը կարող էր և նման բան թելադրել): Նար-Դոսը ստեղծել է ոչ թե գաղափարական, այլ հոգեբանական վեպ, արծարծելով նաև գաղափարական խնդիրներ՝ աշխույժ և կենդանի երկխոսություններում, առանց արհեստականության և անտեղի չափազանցման, որ հահախ է պատահում նման դեպքերում: Վեպի բոլոր, գլխավոր թե երկրորդական կերպարների մեջ չկան սրված, բևեռացված, բացասական գծերով օժտվածներ, մարդիկ են իրենց առավելություններով ու թերություններով, չկան անխնա հարստահարողներ և խեղճ ու թշվառ հարստահարվողներ: Մի երկու աղքատացած, իրենց ժառանգներից բողոքող պառավներ են, մնացյալը կրթված մարդիկ են, մտավորականներ կամ գործարար անձնավորություններ, ինչպես Սանթրոսյանը և Վահանը: Նրանց ձեռնարկումների մասին աղոտ և սուղ տեղեկություններ կան միայն, իսկ իրենք բոլորովին նման չեն անգութ հարստահարողի: Թերևս Նար-Դոսը հո՞ւյս աներ, որ հնարավոր է համատեղել ժողովրդի և հարուստ գործարարների շահերը: Եթե ելնելով թեկուզ միայն «Պայքար» վեպից, ասենք, որ նա կարող էր և այդ հույսն ունենալ, սխալված կլինենք: Վերցնենք միայն մի պատկեր՝ հայոց թատրոնում հավաքված հասարակությանը, «...ֆինանսական աշխարհի հաստ ու բարակ տուզեր, մի գեներալ կլպած զանգով, մի քանի ուրիշ էպոլետներ...

— Պա՛հ, մի թամաշ արա... Համայն հայ աշխարհն այստեղ է. զինվորականներ, չինովնիկներ, վաճառականներ, մտքի մշակներ-դիփ զոռբա-զոռբա մարդիկ»: Փոքրածավալ հատվածում մերկացվում են «ընտիր» հասարակության երևելիները: Կարելի է պատկերացնել, թե ինչ պիտի լինեին այդ զոռբա մարդիկ և ինչ ճանապարհներով հասած լինեին իրենց գրաված դիրքերին: Հեղինակը չի մանրամասնում խոսքը: Ճիշտ է, նրա գլխավոր կերպարները մտավորականներ են և նրա նպատակը թերևս սրանց հանդես բերելն է: Սակայն նրանք այնքան չեն պատկերվում բուն գաղափարական գործունեությամբ, որքան նրանց մասին խոսվում է: Վեպում գլխավորը հոգեբանական վիճակներն են, բարոյական պայքարը: Մնացյալը զրույցների ընթացքում շոշափվող նյութեր են: Նար-Դոսը, կարելի է ասել, ընդհանրապես չի անդրադառնում ժողովրդի և գործարար մարդկանց