Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/250

Այս էջը հաստատված է

— Տեսա՞ր, հայրիկ, ո՛ւմ էիր դու պաշտպանում,— նորից երեսովս տվավ կոմերիտ տղաս։

Ես ծիծաղեցի։ Չգիտեմ, ո՛րտեղից էր նրա գլխում ցցվել այդ մեխը, թե ես պաշտպանում էի Դավիթ Ֆոմիչին և նրա նմաններին իրենց իժի ծնունդներով։

Հետաքրքրությունից մի օր վեր կացա և գնացի հիվանդանոց՝ Դավիթ Ֆոմիչին տեսնելու։

Կաթվածը տարել էր նրա մարմնի ամբողջ կեսը, գլխի ձախ մասից բռնած մինչև ձախ ոտը։ Դեմքն այնպես էր ծռմռվել, որ հազիվ ճանաչեցի։ Աջ աչքը փոքրացել, կուչ էր եկել, իսկ ձախն այնքան էր մեծացել ու այլանդակվել, որ ակամա զարզանդ զգացի։ Այդ աչքը դուրս էր պրծել կոպերից մի ահագին անփայլ սպիտակուցով, որը կարծես պինդ խաշած ձվի սպիտակուց լիներ, և բոլորովին չէր շարժվում։ Բերնի կեսը վերև էր թռել, կեսն իջել և կողքից լորձունք էր ծորում։ Խոսել չէր կարողանում, բառերը դուրս էին գալիս կիսատ և աղավաղված, այնպես որ հասկանալ չէր լինում։ Երբ հարցրի, թե ի՞նչ է ուզում, հազիվ կարողացավ արտասանել.

— Մրը֊մե... մըը-մե...

Եվ որպեսզի հասկացնի, թե ինչ է ուզում ասել, աջ աչքը փակեց և ձեռքը վերև բարձրացրեց։ Գլխի ընկա, որ ուզում էր ասել՝ «մեռնել֊մեռնել»։ Կարճ լռությունից հետո թոթովեց.

— Վըը-ո... մըր-ե... տըը-տե... թըը-ա...

Երկար ժամանակ չէի հասկանում այս թոթվանքը, և նա ահագին ջանք թափելուց հետո զանազան նշաններով կարողացավ հասկացնել, թե ուզում է ասել. «որ մեռնեմ, տերտերով թաղեցեք»։

— Դավիթ Ֆոմիչ,— ասացի,— որքան գիտեմ, դուք ազատամիտ մարդ էիք, տերտեր-մերտեր չէիք ճանաչում, թեև երեցփոխ էիք, այդ ի՞նչպես է, որ տերտերով եք ուզում թաղվել, այն էլ հիմա, երբ տերտերով, ժամ-պատարագով էլ ոչ ոք չի թաղվում։

Նրա կուչ եկած աջ աչքը հանկարծ բացվեց, մեջը կատաղության նման մի բան ցոլաց և կաթվածահար լեզուն անսպասելի կերպով արագ-արագ վրա տվեց...

— Բրբո ջըգը, բըբը ջըգը...— Այս կցկտուր բառերն էլ