Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/253

Այս էջը հաստատված է

Լուսամուտներից մեկի առջև, փափուկ բազկաթոռի մեջ նստած էր մի մանկահասակ կին։ Նա կլիներ մոտ քսանևհինգ տարեկան, դեմքի ամենաճիշտ և գրավիչ գծագրությամբ, մի փոքր նիհար ու գունատ։ Նրա ընտանեկան սպիտակ հանդերձն ու սև մազերը, որոնք գեղեցիկ սանրած և կարմիր ժապավենով թույլ կապված՝ ընկած էին նրա մեջքի վերա, ավելի գեղեցկություն էին տալիս նրա գունատ դեմքին։ Բավական էր մի անգամ նայել այդ գեղեցկուհու վերա և իսկույն կասեիք, ահա մի գեղեցիկ, համեստ ու բարեսիրտ կին։ Նա, գլուխը ձեռքի վերա կռթնած, տխուր նայում էր դեպի դուրս՝ ծառերի վերա ոստոստող թռչուններին և կարծես, նրա բոլոր ուշադրությունը լարված էր դեպի այդ անհոգ ու անվիշտ արարածների ուրախ ճռվողյունը։ Եթե նրա կուրծքը նկատելի կերպով բարձրանում ու ցածրանում չլիներ, նայողը կասեր, որ սա հեթանոսական աստվածուհու մի հրաշալի անդրի է։

Բավական ժամանակ անցավ, և սակայն նա տակավին յուր տեղում անշարժ նստած էր։ Մի անգամ միայն նրա կրծքից մի հառաչանք դուրս թռավ, այն հառաչանքներից մեկը, որ դուրս է գալիս ակամայից այն անբախտների սրտի խորքերից, որոնք կռվում են անդադար մի անընկճելի, սիրտը կեղեքող զգացմունքի դեմ։ Բայց այն ի՞նչ անընկճելի, սիրտը կեղեքող զգացմունք էր, որ մաշում էր նրա սիրտը. ի՞նչ հոգս, ի՞նչ վիշտ պիտի ունենար այդ մանկահասակ կինը, որին բնության ճարտարագործ ձեռքը վարձատրել էր այնպիսի առանձնահատկություններով, որոնցով կարելի էր միշտ ուրախ ու երջանիկ ապրել, միշտ ծիծաղել ու խնդալ... Արդյոք յուր աչքերի առջև այժմ ճախրող թռչունների անհոգ կյանքը հիշեցնո՞ւմ էր նրան յուր վաղուց արդեն վատնած նույնպես անհոգ կյանքի շրջանը— մանկությունը, թե նրա սիրտը մաշում էր այն անթիվ վշտերից մեկը, որոնցով վարակված է հասակավորներին շրջապատող մթնոլորտը։— Դժվար էր գուշակել։

Հանկարծ դուռը բացվեցավ, և ներս մտավ մի միջահասակ մարդ։ Նրա չեչոտ դեմքը միշտ ժպտում էր, որ և նրա ներքին բարեսրտության ու միամտության բացարձակ արտահայտիչն էր։ Ինչպես երևում էր, նա ավելի ուշադրություն