Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/254

Այս էջը հաստատված է

էր դարձնում յուր բոլորովին սև մազերի վերա, որոնք այդ րոպեին խնամքով սանրված ու բաժանված էին գլխի ձախ կողմի վերա, քան շորերի, որոնք ոտից գլուխ, կարծես, բան ուզովի լինեին։ Չնայելով որ նրա մեծ, հսկայական քիթը թամբած էր ակնոցներով, բայց նա գրեթե միշտ նրանց վերևից էր նայում. այդ հանգամանքը ստիպում էր նրան անդադար խոնարհեցնելու ու բարձրացնելու յուր գլուխը։ Նրա համազգեստը և ուսադիրները ցույց էին տալիս, որ նա արքունական ծառայության մեջ էր։ Դժվար էր մինչև անգամ մոտավորապես որոշել, թե նա քանի տարեկան էր, որովհետև առաջին հայացքից նա ծեր էր երևում, բայց երբ մի փոքր երկար էիր նայում, նա հետզհետե երիտասարդանում էր։

Մանկահասակ կինն այն աստիճան անձնատուր էր եղել յուր մտածությանը, որ ամենևին չլսեց նրա մտնելը։ Պ. Գարասիմ Զաքարյանը (այդպես էր ներս մտած մարդու անունը) մոտեցավ նրան, կանգնեց նրա մոտ և, ձեռքերը դարսելով հետևը, սկսեց ժպտալով նայել նրան, որը դարձյալ նրան չէր տեսնում։

— Լի՛զա,— վերջապես նույն ժպիտը երեսին և մի տեսակ զարմացական ու հարցական եղանակով արտասանեց նա և այս անգամ գլուխը բոլորովին առաջ բերելով, որպեսզի լավ նայի կնոջը ակնոցների վերևից։

— Ա՛խ, այդ դո՞ւք եք...— գրեթե ճչաց ուրախությամբ մանկահասակ կինն և մի ակնթարթում նրա դեմքը պայծառացավ, նա իսկույն վեր թռավ տեղից, բայց յուր առաջ տեսնելով Գարասիմին, նա դեռ ապշեց, հետո այլայլվեց, շառագունվեցավ և դարձյալ նստեց յուր տեղը։ Նրա դեմքը նորից առաջվա արտահայտությունն ստացավ, և նա ավելացրեց թույլ ձայնով.

— Այդ դո՞ւ ես, Գարասիմ...

— Բացի ինձանից ուրիշ ո՞վ կարող է լինել, հոգիս,— ասաց Գ. Զաքարյանը առանց մի որևէ կասկած տանելու կնոջ (մանկահասակ կինը նրա ամուսինն էր) անսովոր այլայլմունքի վերա։— Հապա դու ո՞ւմն էիր կարծում։

— Ե՞ս... ես ո՞ւմը պիտի կարծեի... Ես ընկղմված էի մտածության մեջ։