Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/255

Այս էջը հաստատված է

— Մի՞թե կարելի է մայիսյան մի այսպիսի սքանչելի օրին նստել և մտածությանը անձնատուր լինել, անմիտ,— ասաց Գ. Զաքարյանը կես հանդիմանական և կես կատակի եղանակով և կամաց մատով խփելով կնոջ այտին, որին այդ բավականին զզվելի թվաց։— Այսպիսի սքանչելի օրերին կամ գնում են զբոսանքի, կամ ուղղակի նստում են դաշնամուրի առաջ և երգում ու նվագում են։

Մանկահասակ կինն, ըստ երևույթին, չէր լսում նրան, նա միայն նայում էր դեպի դուրս։

— Բայց, Լի՛զա, ինչո՞ւ դու այդպես տխուր ես,— հարցրեց հանկարծ լրջորեն Գարասիմը։

— Ի՞նչ ես կամենում, Գարասիմ,— հարցրեց յուր կողմից մանկահասակ կինն, առանց նրան նայելու։

— Ասում եմ՝ ինչո՞ւ դու այդպես տխուր ես այսօր։

— Ե՞ս... Գլուխս ցավում է։

— Գլուխդ ցավո՞ւմ է... բայց այս առաջին օրը չէ, դու այս վերջին շաբաթս գրեթե միշտ այդպե՛ս տխուր ես և մի ինչ-որ բանի մասին խիստ ես մտածում,— ասաց Գարասիմը անհանգստությամբ և բոլորովին կռանալով դեպի նա։— Հոգիս, չլինի թե դու մի ուրիշ ցավ ունիս, որ աշխատում ես ինձնից ծածկել, հըա՞,— ավելացրեց նա բռնելով կնոջ ձեռքերը։

— Ոչ, ոչ, ի՛մ ընկեր. ասացի, որ միայն գլուխս է ցավում,— ասաց մանկահասակ կինը ձեռքերը ետ քաշելով։— Բայց մի՞թե արժե այդպիսի հիմար բաների մասին այդպես անհանգստանալ, Գարասիմ,— ավելացրեց նա աշխատելով, որ ժպտա։— Իսկույն կանցնի ցավը։

— Ա՛խ, հոգի՛ս. դու չգիտես, թե որպես կտրատվում է իմ սիրտս, երբ քեզ այդպես տխուր եմ տեսնում... Աղաչում եմ, Լի՛զա, սիրելիս, շատ մի՛ մտածիր... կամ ի՞նչ ունիս այդպես խոր մտածելու, ես զարմանում եմ... Խաղա՛ Տիգրանիկի հետ, եթե չես կամենում դուրս գնալ զբոսնելու։ Ես այժմ գնում եմ ծառայության և այսօր շուտով կվերադառնամ։ Ցտեսություն, հոգիս, ուրախ կաց։

Եվ Գ. Զաքարյանը մի համբույր դրոշմելով կնոջ ճակատին, գնաց դեպի դուռը, բայց դեռ դռանը չմոտեցած՝ նա նորից վերադարձավ և ավելացրեց.