Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/256

Այս էջը հաստատված է

— Հա՜, Լիզա, դու այսօր մենակ չես մնալու, ես այժմ՝ փողոցից տուն դառնալիս պատահեցա պ. Սուրեն Արևելյանին (վերջին խոսքերը լսելուն պես մանկահասակ կինը դեմքն իսկույն դեպի նա դարձրեց). նա ուր որ շտապում էր, այդ պատճառով ես ժամանակ չունեցա նրանից իմանալու, թե ինչու այս ամբողջ մի շաբաթը նա մեզ չէր այցելում։ Նա միայն ասաց, որ այսօր ժամի տասնևմեկին մեզ մոտ կլինի։

— Իրա՞վ,— հարցրեց մանկահասակ կինը շուտ և մի տեսակ ուրախ ձայնով ու հանգիստ շարժումով, որոնք սակայն աննկատելի մնացին Գ. Զաքարյանից։

— Այո։ Այսօր նա մեզ մոտ կճաշե։

Մանկահասակ կնոջ դեմքը պայծառացավ. բայց, որպեսզի ամուսինը չնկատի այդ հանկարծակի փոփոխությունը, նա դեմքը դարձրեց դեպի դուրս։

— Հուսով եմ, որ դու նրան լավ կընդունես, Լիզա,— ավելացրեց Գ. Զաքարյանը, պատրաստվելով գնալու։

— Ես այժմ գնամ։ Մինչև իմ գալս կխոսեք, թուղթ կխաղաք, կամ դաշնամուրը կածես, կերգես և գլխիդ ցավն էլ կմոռանաս։ Ուղիղ ժամի մեկին ես կվերադառնամ։ Ցտեսություն, հոգիս, ուրախ կաց։

Եվ Գ. Զաքարյանը դուրս գնաց։

Հենց դուռը փակվեցավ նրա հետևից, մանկահասակ կինն իսկույն գժվածի նման վեր թռավ տեղից և, ձեռքերը տարածելով դեպի վեր, բացականչեց շնչասպառ ձայնով.

— 0՜, ես այսօր կտեսնեմ նրան... կտեսնեմ նրան...

Այն անսահման ուրախության արտահայտությունը, որ այդ րոպեին փայլում էր նրա գեղեցիկ դեմքի վերա, անշուշտ կզարմացներ մի փոքր առաջ նրան նայողին։ Նրա մեծ աչքերի մեջ նկատվում էր մի ինչ-որ անհամբերության փայլ, մի փոքր առաջ նրա գունատ դեմքն այժմ շառագունվել էր, իսկ կուրծքը սաստիկ բաբախումից, կարծես, ուզում էր պատռվել։

Նույն րոպեին նախասենյակում երեխայի վազելու ոտի ձայն լսվեցավ և, դուռը բացվելով, մոտ չորս տարեկան մի կարմրաթշիկ երեխա շնչասպառ ներս վազեց սենյակը։

— Մայրի՛կ, մայրի՛կ,— կանչեց նա յուր մանկական ծվող ձայնով և փաթաթվեցավ մոր ծնկներովը։