Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/257

Այս էջը հաստատված է

— Տիգրանի՛կս...— կանչեց յուր կողմից մայրն և, երկու ձեռքով բռնելով երեխայի գլուխը, սկսեց անհամար ջերմ համբույրներ թափել նրա վառվող լիք թշերին։— Ո՞րտեղ էիր դու վազվզում, որ այդպես կարմրել ես:

— Ես մեր պարտեզումն էի, մայրիկ, ես ուզում էի թիթեռնիկներ բռնել, բայց չէի կարողանում... Այնքան վազեցի, այնքան վազեցի նրանց հետևից, մայրիկ, որ հոգնեցա... նրանք չար են, մայրիկ, շատ չար. նրանք չեն ուզում, որ ես բռնեմ և խաղամ նրանց հետ. նրանք կարծում են, երևի, որ ես նրանց կսպանեմ, չէ՞, մայրիկ:

— Իհարկե, նրանք ի՞նչ են հասկանում, որ դու ուրիշների նման չար չես։

— Ա՜խ, մայրիկ, եթե նրանք այդ հասկանային... ես շատ, շատ եմ ցանկանում նրանց հետ խաղալ... Մայրի՛կ դու կբռնե՞ս ինձ համար թիթեռնիկ։

— Այո՛, Տիգրանիկս, այո՛...

— Ա՜խ, որքան բարի ես, մայրիկ, ո՜րքան ես քեզ սիրում եմ,— կանչեց ուրախությամբ երեխան և ավելի պինդ փաթաթվեցավ մոր ծնկներովը։ — Ես հայրիկին էլ շատ եմ սիրում, նա էլ կբռնի ինձ համար թիթեռնիկ... բայց, մայրիկ, գիտե՞ս ինչու համար ես վազեցի այժմ քեզ մոտ,— հանկարծ երեխային վայել լուրջ կերպարանք ստանալով և մի փոքր հեռանալով ավելացրեց նա։

— Ինչո՞ւ համար,— հարցրեց ժպտալով մայրը։

— Հայրիկն այժմ գնալիս ինձ ասաց, որ դու տխուր ես, և որ ես գամ քեզ ուրախացնելու,— ասաց երեխան ուղղակի նայելով մոր աչքերին, կարծես թե, կամենալով ստուգել հոր ասածը։— Բայց դու տխուր չես, դու ժպտում ես...

— Ո՛չ, իմ Տիգրանիկս, ո՛չ, ես, այժմ այլևս տխուր չեմ, որովհետև...— հանկարծ նա լռեց և նայեց ուղղակի մանկան աչքերին, կարծես այն բառերը, որ պիտի արտասաներ նա, այրեցին նրա շրթունքները և, շուռ գալով երեխայից, նա դեմքը ծածկեց ձեռքով։

Երեխան զարմացավ այդ հանկարծակի փոփոխության վերա և, վազելով մոր առաջ, կանչեց նա վախեցած