Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/258

Այս էջը հաստատված է

— Մա՜յրիկ, մա՜յրի՛կ...

Երեխային պատասխան եղան միա՛յն խուլ հեկեկանքները, որ դուրս թռան մոր կրծքից...

II

Մեր նկարագրած անցքից մի ամիս առաջ, կյուրակի, կեսօրի ժամանակ, Աղեքսանդրյան այգում նվագում էր զինվորական երաժշտական խումբը։ Օրը սքանչելի էր, բառիս բուն նշանակությամբ։ Գարնանային մանուկ արևը սփռում էր յուր ոսկեզօծ ճառագայթները նոր կանաչած ծառերի փայլուն տերևների վերա, որոնց մեջ ճախրող անհոգ թռչունների անվերջ ճռվողյունը տոնում էր գարնան գալուստը։ Օդի մեջ մի տեսակ ախորժալի թարմություն էր տիրում. և այգիի ճեմելիքները, մանավանդ «արիստոկրատիկականը», լի էին բազմությամբ։ Թիֆլիսի ինտելիգենցիայից սկսած մինչև վերջին կինտոն այնտեղ էր։

Այգիի ավելի սակավամարդ ճեմելիքներից մեկում կուռ կռի տված զբոսնում էին հանդարտ մի մարդ ու կին, ինչպես երևում էր՝ ամուսիններ։ Նրանց առջևից գնում էր մոտ չորս տարեկան մի կարմրաթշիկ և շատ սիրուն հագնված երեխա, որի վերա զբոսնողներից շատերը նայում էին հրճվանքով։ Նա շուտ-շուտ զանազան անմեղ հարցերով դառնում էր դեպի ծնողները, որոնք ժպտալով բավականություն էին տալիս նրա մանկական հետաքրքրությանը։

Դրանք մեզ ծանոթ Գ. Զաքարյանը, նրա կին Եղիսաբեթը, կամ, ինչպես նա սիրում էր կանչել, Լիզան և նրանց որդի Տիգրանիկն էին։

Այդ միջոցին նրանց դիմացից գալիս էր մի ցիլինդրավոր մարդ, որը դարձրեց յուր վերա Գ. Զաքարյանի առանձին ուշադրությունը։ Ցիլինդրավոր մարդը, բոլորովին ուշադրություն չդարձնելով նրանց վերա, անցավ նրանց մոտից, տանելով յուր հետ Գ. Զաքարյանի զարմանքից չռած աչքերը։

— Ի՞նչ ես այդպես խոր նայում այդ մարդուն,— հարցրեց նրա կինը։

Բայց փոխանակ կնոջը պատասխանելու, նա կանգնեց և գոռաց ցիլինդրավոր մարդու հետևից.