Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/264

Այս էջը հաստատված է

Երկար ժամանակ նրանք նստած խոսում էին։ Սուրեն Արևելյանը պատմում էր յուր ճանապարհորդությունից։ Նրա պատմությունից երևաց, որ նա ճանապարհորդել է գրեթե ամբողջ Եվրոպան և այժմ մտադիր է ճանապարհորդելու Ասիայում։

— Ինչպես երևում է, դուք շատ եք սիրում ճանապարհորդություն, պարոն Սուրեն Արևելյան,— հարցրեց Եղիսաբեթը։

— Իմ միակ սերս դա է, տիկին,— պատասխանեց Սուրեն Արևելյանը րոպեապես միայն աչքերը դեպի նա դարձնելով։

— Կամ, գուցե, դուք մի որևիցե վիշտ ունիք, որին բուժելու համար ճանապարհորդությանն եք դիմել։

— Ես ունեի այդ վիշտը, տիկին,— ծնողներիս մահը, բայց դա վաղուց արդեն բուժվել է։

— Ոչ այս և ոչ այն, ինչպես ես տեսնում եմ, դու մի նպատակ ունիս, Սուրեն,— մեջ մտավ մշտական ժպիտով Գ. Զաքարյանը։

— Գուցե,— պատասխանեց լրջորեն Սուրեն Արևելյանը։

— Ախար իզո՜ւր չէիր կլանում այնպես ագահությամբ ճանապարհորդության վերաբերյալ գրքերը, մանավանդ Ժյուլ Վեռնի ճանապարհորդական սարսափելի արկածներով լի վեպերը։ Հասկանում եմ, հասկանում եմ...

Ներս բերին սուրճը, որից հետո գնալով սեղանատունը, որտեղ արդեն պատրաստ էր ճաշի սեղանը, նրանք նստեցին ճաշի։ Եղիսաբեթը նստած էր ուղիղ Սուրեն Արևելյանի դիմացն և շուտ-շուտ հյուրասիրում էր նրան զանազան համեղ խորտիկներով։ Բոլոր ժամանակ նրա գեղեցիկ դեմքից չէր հեռանում քաղցր ժպիտը, և զանազան հարցեր էր առաջարկում Սուրեն Արևելյանին, բայց ոչ այնքան հետաքրքրությունից, որքան նրա գրավիչ ձայնը լսելու։ Ամենից շատ խոսում էր Գ. Զաքարյանը, ծիծաղում, կատակներ էր անում, բայց միայն Սուրեն Արևելյանն էր, որ լուրջ էր, և միակ բանը, որ շարժեց նրա ժպիտը, Տիգրանիկին առաջարկված հարցն էր, որին նա պատասխանեց մեծ սրամտությամբ:

Ճաշը վերջացավ, և ամենքը, տեղերից վեր կենալով, նորից գնացին հյուրասենյակը: Եղիսաբեթը ուրախությունից