Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/267

Այս էջը հաստատված է

Իսկ Սուրեն Արևելյանի դեմքը պահպանում էր յուր մշտական լուրջ արտահայտությունը, կարծես Եղիսաբեթի քաղցր ձայնը նրա վերա ոչ մի ազդեցություն չէր անում։

Եղիսաբեթը վերջացրեց և վեր կացավ տեղից, նրա դեմքը շառագունվել էր, որից և նա ավելի գեղեցիկ էր երևում, իսկ կուրծքը ավելի արագ էր բաբախում։ Նա նայեցավ Սուրեն Արևելյանին, և նրա հայացքը մի որևիցե գովասանքի էր սպասում նրա կողմից, որը վերջապես ասաց յուր մշտական լուրջ ձայնով.

— Շնորհակալ եմ, տիկին, դուք գեղեցիկ երգում եք, և ձեր ամուսինը իրավունք ունի ձեզ այդ մասին գովելու։

Այդ գովասանքը ավելի շառագունեցրեց մանկահասակ կնոջը, որ, խոսք չգտնելով ասելու, միայն գլուխ տվավ նրան։

— Բրա՜վո, բրա՜վո,— հանկարծ գոռաց Գ. Զաքարյանը, կարծես նոր ուշքի գալով և սիրով նայելով կնոջը։— Այսօրվա նման դու երբե՛ք այդպես հիանալի չես երգել։ Բրավո՜, բրավիսիմո...

Արդեն երեկո էր, երբ Սուրեն Արևելյանը պատրաստվեցավ գնալու։ Նրան շատ խնդրեցին թեյի վերա մնալու, բայց նա չմնաց. նա բարեկամաբար սեղմեց բոլորի ձեռքը և ասաց.

— Շնորհակալ եմ ձեր քաղցր հյուրասիրության համար։ Մնաք բարյավ։

— Ինչպե՞ս թե «մնաք բարյավ»,— կանչեց Գ. Զաքարյանը։— Ես «մնաք բարյավ» չգիտեմ, ցտեսություն։

— Ա՜խ, պ. Սուրեն Արևելյան, հուսով ենք, որ դուք այսուհետև շուտ-շուտ շնորհ կբերեք մեր տուն,— ասաց յուր կողմից Եղիսաբեթը։

— Դուք ինձ պարտավորեցնում եք, տիկին...

— Ա՜խ, մի՞թե արժե, պ. Սուրեն Արևելյան,— շուտով ընդհատեց նրան Եղիսաբեթը։— Դուք երևակայել չեք կարող, թե որպիսի բավականություն պատճառեց մեզ այսօր ձեր ներկայությունը...

— Պ. Սուրեն Արևելյան, ես ևս խնդրում եմ, որ դուք այսուհետև շուտ-շուտ շնորհ բերեք մեր տուն,— ասաց Տիգրանիկը։

— Շատ բարի, Տիգրանիկ,— ասաց ժպտալով Սուրեն