Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/270

Այս էջը հաստատված է

իմ բարի ամուսնուս, որպե՜ս բուռն կրքով կսեղմեի իմ անմեղ Տիգրանիկիս իմ կրծքիս և որքա՜ն ես ուրախ, երջանիկ կլինեի...»։

Ահա այդ մտքերն էին ալեկոծում խեղճ կնոջ սիրտը շատ անգամ, և նա անհուսալի կերպով ծածկում էր դեմքը ձեռքերով և լուռ միայն դառն արցունք էր թափում...

Մի անգամ Սուրեն Արևելյանն ամբողջ չորս, հինգ օր չերևացավ։ Մեծ էր տիկինի հուսահատությունը։ Այդ ժամանակ նա ավելի էր զգում, թե որքան մեծ է, զորեղ է այն զգացմունքը, որ կապում է նրան այդ մարդու հետ։ Նա զգում էր յուր սրտի մեջ մի անբացատրելի, ծանր վիշտ. նրա միտքն ամբողջապես նրա մոտ էր։ Որքան նա աշխատում էր նրա մասին չմտածել, այնքան նրա միտքն ակամայից ավելի պարզ կերպով էր նկարում նրա գեղեցիկ տեսքը, մշտական լուրջ կերպարանքը, նրա մեծ, խոհուն աչքերը, լայն, խելացի ճակատը...

Նա երկար չկարողացավ դիմանալ և դիմեց վերջապես ամուսնուն.

— Գարասիմ— ասաց նա նրան,— ինչո՞ւ Սուրեն Արևելյանն այլևս մեզ չի այցելում... Չլինի՞ թե նա հիվանդ է...

— Ես ինչպե՞ս գիտենամ, սիրելիս... Կուզե՞ս գնանք նրա մոտ։

— Գնանք։

Եվ նրանք անմիջապես գնացին «Grand Hòtel» հյուրանոցը, բայց նրան այնտեղ չգտան։ Երկրորդ օրը գնացին, երրորդ օրը գնացին — նույն անհաջողությունը։ Տիկինն արդեն բոլորովին հուսահատվեցավ, անտանելի վիշտն ավելի ու ավելի էր կրծում նրա սիրտը։ Ամբողջ ժամերով նա մենակ նստում էր բազկաթոռի մեջ և անձնատուր էր լինում մտածության։ Հազար ու մի մտքեր, հազար ու մի ցանկություններ խռնվում էին նրա գլխում...

«Ա՜խ, մի անգամ ևս տեսնեմ նրան, մի անգամ միայն. թեկուզ այնուհետև՝ երբեք...»,— ասում էր նա այդպիսի ժամանակներում։

Ահա այդ դրության մեջ էր գտնվում վերջին ժամանակը մանկահասակ կինն, և այդ ցանկությունն էր բորբոքվում նրա