Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/271

Այս էջը հաստատված է

սրտի մեջ, երբ վերջապես նրա ամուսինը, Գ. Զաքարյանը, հայտնեց նրան (ինչպես այդ արդեն հայտնի է մեզ առաջին գլխից), որ նա այդ օրը պատահել է փողոցում Սուրեն Արևելյանին, որն և ասել է, որ այդ օրը ժամի տասնմեկին իրենց մոտ կլինի։ Մեզ արդեն հայտնի է, թե որպիսի ուրախություն պատճառեց այդ ավետիքը մանկահասակ կնոջը, թե որպես ուրախությունից չգիտենալով թե ինչ անի, նա միայն ջերմ համբույրներ էր թափում Տիգրանիկի կարմիր, լիք թշիկներին, և թե որպես նա դեռ կամենում էր հայտնել նրան յուր անսահման ուրախության պատճառը, բայց, նայելով նրա անմեղ աչքերին, հանկարծ լռեց, կարծես, այդ անմեղ աչքերը սաստելով ասելիս լինեին նրան.— «Լռի՛ր, մայրիկ, մի խոսք անգամ չարտասանես այդ մասին— այդ կարող է պղծել իմ մանկական անմեղությունը... Օ, գոնե ամաչիր դու, մայրիկ... Այսուհետև ինչի՞ն ես պետք դու ինձ... Մի՞թե այսուհետև ես կարող եմ քեզ «մայրիկ» կոչել, մի՞թե այսուհետև ես կարող եմ թողնել, որ քո ձեռքերը գրկեն ինձ, որ քո շրթունքները համբուրեն իմ անմեղ դեմքս... Ո՛չ, մայրիկ, այդ երբեք չի կարող լինել... Դու ոչ այլ ինչ ես, եթե ոչ միայն մի ոճրագործ, անպիտան մայր, որ անամոթ կերպով դավաճանում ես իմ հայրիկին — քո ամուսնուն, որ ամենաանգութ կերպով գողանում ես մեր երկուսիս քնքուշ, անսահման սերն և նվիրում ես մի օտար մարդու...»։ Այո՛, մի րոպեի մեջ նա զգաց այդ բոլորն, և այդ զգացմունքն, այդ խղճի խայթը շանթեց նրա սիրտը, որին դիմանալու ույժ չունենալով, նա միայն խուլ հեկեկանքներ արձակեց...

III

Սակայն, այն զգացմունքը, սերը, որ պաշարել էր նրա բոլոր գոյությունը, շուտով կարողացավ լռեցնել տալ նրա մեջ խղճի խայթը, և այն քաղցր հույսը, որ մի ժամից հետո դարձյալ պիտի տեսնի նրան, խոսի նրա հետ, նորից լցրեց նրա սիրտն անսահման բերկրանքով... նա շտապով սրբեց յուր արցունքն և ջերմագին գրկելով Տիգրանիկին, շշնջաց.

— Ոչինչ, Տիգրանիկս, ոչինչ չկա, մի վախիր... բայց այսօր, դու ուսումնարան չպիտի՞ գնաս։