Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/276

Այս էջը հաստատված է

հեռանալով դեպի բաց լուսամուտը, նա սկսեց նայել դեպի դուրս։ Սենյակում լսվում էին միայն մանկահասակ կնոջ խուլ հեկեկանքները, որոնք հետզհետե նվազում էին. վերջ ի վերջո նրանք բոլորովին դադարեցին, և մանկահասակ կինն այժմ սկսեց սրբել թաշկինակով յուր արտասվաթոր աչքերը։ Նա, կարծես, յուր վերջին բառերի հետ դուրս թափեց յուր միջից բոլոր դառնությունն ու հանգստություն տվեց յուր ալեկոծվող սրտին։ Նա չէր համարձակվում Սուրեն Արևելյանի վերա նայելու. կարծես դեպի նա մի մեծ հանցանք գործած լիներ, որից և՛ ամաչում էր, և՛ վախենում. բայց նրա աչքերն անհամբերությունից փայլում էին, նա համոզված էր, որ Սուրեն Արևելյանն իրեն հասկացավ և, ինչպես որ դատապարտյալը սպասում է, թե ինչ վճիռ կտան իրեն՝ կկախեն, թե կազատեն, նույնպես և նա սպասում էր, թե ինչ դուրս կգա այդ սառնասիրտ, անտարբեր մարդու շրթունքներից։

Վերջինս դեռ երկար ժամանակ անշարժ կանգնած լուսամուտի առաջ մտածողությամբ նայում էր դուրս։ Վերջապես նա մի քանի անգամ ձեռքն անցրեց դարձյալ յուր գեղեցիկ մազերի միջով— մի բան, որ նա անում էր այն ժամանակ, երբ կամենում էր սկսել մի որևէ լուրջ խոսակցություն — շուռ եկավ դեպի մանկահասակ կինը և, մի վայրկյան միայն նայելով նրա վերա, վերջապես ասաց աննկատելի խռոված ձայնով.

— Տիկին, արդյոք մտածե՞լ եք դուք ձեր դրության մասին։

— Ես մտածե՞լ եմ,— մեքենայաբար կրկնեց մանկահասակ կինը,— ես մտածե՞լ եմ, դուք ինձ հարցնում եք... Օ՜, եթե միայն ես երբե՛ք չկարողանայի մտածել իմ դրության մասին, ես այսքան չէի տանջվի... ես հասկանում եմ, թե ինչ եք ուզում դուք ասել,— ավելացրեց նա բեկբեկված ձայնով.— Բայց... ես չեմ կարող... ես ույժ չունեմ դիմադրելու, դուք ինձ հասկանո՞ւմ եք... ես թույլ եմ... ես կին եմ...

Եվ, դեմքը ծածկելով, նա նորից հեկեկաց։

Ըստ երևույթին Սուրեն Արևելյանի սիրտը շարժվեցավ. նա կիտեց հոնքերը, իսկ աչքերի կոպերը դողացին: Նա ծանր