Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/282

Այս էջը հաստատված է

— Գարասիմ, եթե ինձ սիրում ես, աղաչում եմ, ինձ հանգիստ թող... Ես կամենում եմ մենակ մնալ։

— Կամենո՞ւմ ես, այսօր ծառայության չեմ գնալ և ողջ օրը քեզ մոտ կանցկացնեմ։

— Հարկավոր չէ, իմ պատճառով իզուր պաշտոնիցդ մի ընկնիր։

Եվ նա ծածկեց աչքերը։ Պարզ երևում էր, որ այդ խոսակցությունը ձանձրացնում էր նրան։

Գ. Զաքարյանը տխրությամբ վեր քաշեց ուսերն և գնալով մինչև դուռը, նորից վերադարձավ և ասաց.

— Գոնե վերմակը ծածկեմ— կմրսես։

— Ոչինչ հարկավոր չէ։

Տեսնելով որ կինն ամեն բանում հակառակում է իրեն, Գ. Զաքարյանը ստիպված դուրս գնաց սենյակից։ Նա բոլորովին զարմացել էր կնոջ այդ փոփոխության վերա և որքան էլ գլուխը կոտրում էր, նա չէր կարողանում մի իրավացի պատճառ գտնել, որին կարելի լիներ վերագրել այդ փոփոխությունը։ Նա ասում էր, որ հիվանդ չէ, եթե իսկապես հիվանդ էլ է, բայց այդտեղ ի՞նչ կա ծածկելու իրենից... կամ գուցե մի որևիցե գաղտնիք է կրծում սիրտը, բայց այն ի՞նչ գաղտնիք պիտի լինի, որ չհամարձակվի նա իրեն հայտնելու և ինչո՞ւ... Նա հուսահատվել էր։ Սակայն, այսքանս միայն երբեմն նրա մտքովն անցնում էր, որ այդ փոփոխությունը պատահել էր նրան հենց այն օրից, երբ Սուրեն Արևելյանն առաջին անգամ իրենց տունն ոտ դրեց, բայց որ յուր կինը, կարելի է, սիրում է այդ մարդուն— դրա մասին նրա մտքովը մի վայրկյան անգամ չի անցել։ Մի՞թե այն կինը, որ այնքան ժամանակ ամենաջերմ սիրով ապրել է նրա հետ, կարող է երբևիցե դավաճանել նրան — երբե՜ք, այդ անկարելի է... Միամի՜տ մարդ։ Եթե նա գիտենար, թե ո՜րքան շուտ և անսպասելի փոփոխության է ենթարկվում մարդուս սիրտը... Սակայն նրա սիրտը անասելի կերպով ճմլվում էր, երբ նրան այդպես մելամաղձոտ էր տեսնում, նա պատրաստ էր ամեն բան զոհել։ Միայն կարողանար նրան ուրախացնել։ Խեղճը մնացել էր սառած և չգիտեր թե ինչ աներ։ նա առանց թեյ խմելու պատրաստվեցավ գնալ, բայց նրա սիրտը չհամբերեց և կամեցավ գնալուց առաջ