Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/283

Այս էջը հաստատված է

մի անգամ ևս տեսնել կնոջը։ Նա զգուշությամբ բացեց դուռը և ներս մտավ։ Մանկահասակ կինը պառկած էր նույն դրության մեջ։ Նրա հազիվ լսելի շնչառությունը խառնվում էր Տիգրանիկի միահավասար շնչառության հետ։

Նա քնած էր։ Երբեմն նրա գունատ շրթունքները բացվում էին և մի-մի անորոշ խոսքեր էին դուրս թռչում բերանից։

Գ. Զաքարյանն երկար ժամանակ և անշարժ նայում էր նրա գեղեցիկ, բայց վշտից տանջված դեմքին, ականջ էր դնում նրա բերանից դուրս թռած խոսքերին, բայց ոչինչ չէր կարողանում որոշել։ Վերջապես նա հառաչեց խոր և դարձյալ զգուշությամբ դուրս գնաց։

Անցավ բավական ժամանակ. տակավին ոչինչ չէր խանգարում մոր և որդու քունը, երբ դուռը կամաց բացվեցավ և այս անգամ ներս մտավ մի մանկահասակ աղախին։ Նա ոտների մատների վերա զգուշությամբ մոտեցավ սեղանին, որը դրված էր կնոջ մահճակալի մոտ, և վայր դնելով մի ծրար, կամեցավ դուրս գնալ։ Դուրս գնալիս դուռը ճռռաց և մանկահասակ կինն այդ ձայնից վախեցած իսկույն վեր թռավ։ Նա նայեց յուր չորս կողմը։

— Այդ ո՞վ էր,— շշնջաց նա։

— Ես եմ, տիկին,— ասաց աղախինը նորից ներս մտնելով։

— Ի՞նչ ես կամենում։

— Ոչինչ, տիկին։ Պարոն Սարեն Արևելյանն այժմ այստեղ էր...

— Այստե՞ղ էր,— շտապով հարցրեց մանկահասակ կինը։

— Այո, տիկին: Նա կամենում էր ձեզ տեսնել, բայց որովհետև դուք քնած էիք, և պարոնն էլ տանը չէր, այդ պատճառով նա մի նամակ թողեց և պատվիրեց ինձ, որ հետո երբ դուք կարթնանայիք, ուղղակի ձեզ հանձնեմ։

— Բայց ո՞ւր է այն նամակը։

— Այդտեղ է— սեղանի վերա է։

— Գնա', լավ,— ասաց մանկահասակ կինն նախքան աղախինը դուրս կգնար, նա վերա ընկավ ծրարին, վերցրեց, բացեց դողդոջուն ձեռքերով և կարդաց հետևյալը.

«Հարգելի՛ տիկին.

Ներեցեք, որ ես անձամբ չկարողացա ձեզ տեսնել և որ