Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/285

Այս էջը հաստատված է
* * *

Այդ օրից անցել են տարիներ։

Գ. Զաքարյանը մինչև օրս էլ ապրում է յուր կնոջ և որդու հետ։ Եղիսաբեթը զգում է, որ հետզհետե սառչում է յուր մեջ այն զգացմունքը, որ մի ժամանակ նա տածում էր դեպի այն մարդը, որը առավել նրա և նրա ամուսնու թշվառության պատճառը չդառնալու համար հեռացել էր նրանից ընդմիշտ։ Նա ուրիշ ոչ մի կերպ չի մտածում այդ մարդու մասին, եթե ոչ միայն մի ազնիվ, խելոք, հաստատակամ և անձնվեր ու ճշմարիտ բարեկամի մասին, որի նմանը շատ և շատ քիչ են պատահում... Որքան խորն է մտածում նա այդ մարդու վարմունքի մասին, այնքան նա զգում է, որ շատ և շատ է պարտական դրան: Մի՞թե նա սուտ էր ասում՝ «Կռվի՛ր, և հաղթանակը քո կողմը կլինի»։ Նա կռվեց նրա քարոզած հաստատակամությամբ, և մի՞թե այդ բարոյական կռվի հետևանքն ահա մի պայծառ և ամենաքաղցրիկ հույսեր խոստացող առավոտ չէ։ Նա տեսնում է իրեն շրջապատված յուր բարի ամուսնուց և որդուց։ Նրանք ժպտում են, սիրում են նրան, գգվում են, ինչպես մի մանկան, և պատասխանում է նրանց յուր սրտի մեջ արդեն բոլորովին նոր և ավելի հաստատ արմատներ բռնող քաղցր և անվերջ սիրով...

Սուրեն Արևելյանը մինչև օրս էլ կորած է անհետք, ոչ ոք նրա մասին ոչ մի տեղեկություն չունի։

Իսկ ինչ վերաբերում է Գ. Զաքարյանին, նա չափից դուրս ուրախ է, որ յուր սիրելի Լիզան նորից կազդուրվել է և սիրում է իրեն առաջվա նման։ Բայց նա չգիտե և գուցե երբեք էլ չի գիտենալ, որ յուր այդ անսահման երջանկությամբ պարտական է միայն Սուրեն Արևելյանին — յուր ճշմարիտ բարեկամին:

1886