Էջ:Nar-Dos, Colleced works, vol. 1 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/286

Այս էջը հաստատված է
ՆՈՒՆԵ
Հայոց կյանքից
Ա

Ամառվա կիրակնային այն գեղեցիկ երեկոներից մեկն էր, երբ ամեն մարդ, օրվա անտանելի տոթից ստիպված՝ տանը փակված մնալուց հետո, դուրս է գալիս մի փոքր ազատ օդ շնչելու։

Արևն արդեն մայր էր մտել։

Թիֆլիսի գեղեցկաշեն տներից մեկի պատշգամբում, որ նայում էր դեպի մի մեծ փողոց, զբոսնում էր մի օրիորդ։ Նրան տասնևյոթ տարեկանից ավելի չէր կարելի համարել, եթե նրա հասակն այդ տարիքին անհամեմատ բարձր չլիներ։ Նա ուներ կատարյալ գեղեցկության բոլոր նշանները, բայց նրա փոքր-ինչ նիհար և գունատ դեմքից, որի վերա մի տեսակ մելամաղձոտ արտահայտություն կար, իսկույն կարելի էր գուշակել, որ մի ինչ-որ հոգեկան ցավ մաշում էր նրա քնքուշ կանացի սիրտը։ Իսկ նրա քայլվածքը, դեմքի գրավիչ գծագրությունը և համեստ, բայց խիստ խելոք, թափանցող հայացքը նայողի վերա մի անբացատրելի ազդեցություն էին անում։

Ձեռքերը կցած և գլուխը կոր՝ նա ծանր քայլերով ման էր գալիս պատշգամբում։ Երևում էր, որ նա ընկղմված էր խոր մտածության մեջ և, կարծես նա ամենևին չէր լսում ներքևը— փողոցում անցուդարձ անող խումբ-խումբ մարդկանց ձայներն ու կառքերի դղրդոցը։ Նա կանգնեց պատշգամբի երկաթե բարակ սյուներից մեկի մոտ, յուր գեղեցիկ գլուխը հենեց նրան և մեծ ու սևորակ աչքերը ձգեց հեռուն՝ դեպի մայր